15 12 2020

Պարտության հասցեն՝ Նիկոլի փակուղի

Պարտության հասցեն՝ Նիկոլի փակուղի

Այլընտրանքային նախագծեր խումբը գրում է.

Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումը տեխնիկապես ձգձգվում է։ Բայց սա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Թեև  բովանդակային առումով հարցը լուծված է, բայց նոր հրաժարականի և նոր կառավարության ձևավորման՝ տեխնիկական թվացող խնդիրն իր մեջ ունի անկայունության մեծ պոտենցիալ ու նաև մեր երկրի անվտանգության և ամբողջականությանը սպառնացող ռեալ ռիսկեր։ Հիմնական դրույթներով հասկանանք իրավիճակը.

Պատերազմ, պարտություն, ծանր մարդկային և տարածքային կորուստներ. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։

Իր գործունեության դաշտը սահմանափակվում է 2 շենքով՝  մեծաքանակ ոստիկանական ուժերով շրջափակված կառավարական ամառանոց և կառավարության շենք։ Բայց Ն. հրաժարական չի տալիս։

Նրա լայվերը, ուղերձները իրականությունից կտրված տեքստեր են, որոնք  հետապնդում են մեկ նպատակ՝ հիշեցում ինքն իր մասին՝ ես կա´մ։

Իշխող խմբակցությունը թաքստոցներում է և նույնպես չի շփվում հասարակության հետ։ Ասելիք չկա և անվտանգ չէ։

Հրաժարականի պահանջ

Փողոցը եռում է. ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ ողջ երկրով մեկ իրականացնում են ակցիաներ՝ հրաժարականի պահանջով։

Պարբերաբար տեղի է ունենում մեծ հանրահավաք, որը կրիտիկականի սահմանագծին է։

Երկրի նախագահը, Վեհափառը, Կիլիկիո կաթողիկոսը, Մայր բուհը՝ ԵՊՀ-ն, Գիտությունների ազգային ակադեմիան, հարյուրավոր համայնքապետեր, հարյուրավոր մտավորականներ, ռուսահայ բիզնես էլիտան, սփյուռքի հեղինակավոր դեմքերը, ՀԲԸՄ-ն և այլ և այլն, հրաժարականի պահանջին տվել են ինստիտուցիոնալ տեսք. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։

ԱԺ երեք խմբակցություններից 2-ը պահանջում են նրա հրաժարականը, իսկ մեկ խմբակցություն փախած է։

Ռիսկերը

Իրավիճակը, երբ վարչապետի և կառավարության փոփոխությունը համատարած պահանջ է և բովանդակային առումով՝ լուծված հարց, իսկ տեխնիկապես դա չի կատարվում, որովհետև գործող վարչապետը իրեն շրջափակել է զորքերով ու առայժմ պատանդ պահելով «Իմ քայլին», լուրջ ռիսկեր է պարունակում.

Պետությունը իշխանություն չունի, իսկ օրակարգում ծայրաստիճան կարևոր ու բարդ խնդիրներ են։

Սահմանային միջադեպերը, անվտանգային խնդիրները թողնված են խաղաղ բնակիչների, կամավորական ջոկատների վրա։

Մենք, ըստ էության, ամեն օր տարածք ենք կորցնում ու նոր գերիներ տալիս։

Ֆինանսական շուկայի փլուզումը սկսված է։

Հաշված շաբաթների, օրերի ընթացքում սկսվելու են լուրջ տնտեսական խնդիրներ՝ բյուջեի թերհավաքագրում, թանկացումներ, կոմունալ վճարումների թերհավաքագրումներ, պետության պարտավորությունների չկատարումներ և այլն։

Բարեկամ և ոչ բարեկամ պետությունները սպասում են մեզ հետ դժվար բանակցությունների, իսկ մենք չենք կարողանում ձևավորել սոլիդ իշխանություն։ Բարեկամները Փաշինյանին դուրս են գրել և չեն դիտարկում որպես հեռանկարի գործընկեր, իսկ ոչ բարեկամները չեն պատրաստվում նրա հետ խոսել և միայն ծաղրում են։

Վտանգավոր սցենարներ Փաշինյանի կողմից

Քանի որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Ն. Փաշինյանի գլխում, և կամ ի´նչ պարտավորությունների մեջ է նա մեր հակառակորդների հետ, ապա նրանից ամեն րոպե պետք է սպասել նոր ռիսկեր, նոր վտանգներ՝ պետության և ժողովրդի համար։

Չի բացառվում, որ նա հեռանալիս փորձի էական վնաս հասցնել պետությանը։ Այս առումով պետք է շատ ուշադիր լինել՝ առաջին հերթին ԱԱԾ-ն ու բանակը։

Չի բացառվում, որ նա հեռանալիս ցանկանա վատություն անել,  հարվածի տակ դնել իր խմբակցությանը՝ «Իմ քայլին»։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինեն հենց իր խմբակցության պատգամավորները։

Ն. Փաշինյանը կարող է գնալ խելագար քայլերի, օրինակ՝  անսպասելի արտահերթ ընտրությունների։ Այս պայմաններում արտահերթ ընտրությունները նշանակում է առնվազն 3-4  ամիս անիշխանություն, իսկ դա նշանակում է՝ Ադրբեջանին ասել բարի գալուստ Հայաստան։ Մենք ունենալու ենք նոր տարածքային կորուստներ և անդառնալի ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Ուրեմն, հաշվի առնելով այս տարբերակը, պետք է պատրաստ լինել՝ թույլ չտալ այդ սցենարը։ Երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակի դեպքում առկա է որոշակի ժամանակ, և այդ ընթացքում ուղղակի ողջ ժողովրդով ստիպելու ենք «Իմ քայլին»՝ չտանել երկիրը կործանման հանուն Փաշինյանի։ Շատ կարևոր է, որ Իմ քայլը հասկանա, որ այդ դեպքում գործելու են  մոտավորապես նույն մեթոդները կամ ավելի կոշտ մեթոդներ,  ինչը 2018-ին անում էին իրենք։ Որովհետև խնդիրը վերաբերելու է պետության անվտանգությանը, մեր քաղաքացիների անվտանգությանը։

Ն. Փաշինյանը կարող է փորձել նոր, իբր «համաձայնության» կառավարություն կազմել մի քանի իբր կուսակցությունների հետ։ Նշվում է 3-4 մանր-մունր կուսակցության անուն։ Սա նշանակում է՝ փողոցի կտրուկ գերակտիվացում, անկանխատեսելի զարգացումներ։Կա հիմնավոր կասկած, որ այդ կոալիցիան կազմվելու է Հայաստանում թուրքական 5-րդ շարասյան ճյուղերով։

Եթե հանգուցալուծումը ձգվում է

 Կա տարբերակ, որ Փաշինյանը, իրեն շրջափակելով մեծաթիվ ոստիկանական ուժերով, հրաժարական չտա՝ փորձելով երկարացնել իր գոյությունը։ Սա նույնպես ռիսկային սցենարներից մեկն է։

Անիշխանության և կիսաքանդ պետության պայմաններում Հայաստանում կտրուկ ուժեղանալու է այլ երկրների հատուկ ծառայությունների դերակատարումը։ Հայաստանը վեր է ածվելու հատուկ ծառայությունների պատերազմի թատերաբեմի։ Ամենայն հավանականությամբ՝ այդ պրոցեսն արդեն սկսված է։ Սա ուղղակի կարող է բերել կամ նոր  արյունալի պատերազմի, կամ Հայաստանի՝ որպես պետության, ուղղակի փլուզման։

Հանգուցալուծման ուշացումը հանգեցնելու է պետության կառավարման շեշտակի թուլացմանը, և ֆինանսատնտեսական կոլապսը դառնալու է անխուսափելի։

Փաշինյանի վտանգավոր սցենարները վտանգավոր են իր իսկ համար

Հնարավոր տարբերակները քննարկելիս պետք է մի բան հստակ հաշվի առնել. դա պետք է անեն թե ընդդիմության ղեկավարնե՞րը, թե՞ Ն. Փաշինյանը անձամբ։

Փաշինյանի կողմից նախաձեռնած վտանգավոր սցենարները կարող են ժամերի ընթացքում ձևավորել հսկայական և անկառավարելի զանգվածներ փողոցում։ Քանի դեռ կա խաղաղ սահուն հրաժարականի, նոր իշխանության ձևավորման հնարավորություն, գնացեք այդ ճանապարհով։ Վաղը փողոցում կարող են լինել տասնյակ հազարավոր սոված մարդիկ. նայեք օրվա դրամի կուրսին ու կհասկանաք վտանգի իրականությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ