30 11 2020

Դարի դավաճանությունը

Դարի դավաճանությունը

Panorama.am-ը գրում է.

Ինչ ասես տեսել-լսել էինք՝ ծախած խաղ, ծախած մրցանակաբաշխություն, ծախած տենդեր, բայց որևէ մեկի երևակայությունը չէր հերիքի մտածել, որ ծախած պատերազմ էլ կարող է լինել։ Եվ որ ավելի սարսափելի է ՝ պատերազմը կարող է նախապես ծախած լինել պետության ղեկավար հանդիսացող գերագույն գլխավոր դավաճանը։

Դա են մատնանաշում սեպտեմբերի 27-ից սկսված իրադարձությունները և օրական ջրի երես դուրս եկող փաստերը։ Իսկ թե իրականում ինչն ինչպես է եղել, դավաճանությունն ի սկզբանե՞ էր ծրագրավորված, թե ընթացքը դրան տարավ՝ կիմանանք միայն ռազմական տրիբունալի առաջ կանգնածների ցուցմունքներից։ Կամ էլ երբեք չենք իմանա, քանի որ խոշոր խաղացողները թույլ չեն տա գենետիկ «քցողին» հասցնել դատ ու դատաստանի․․․ Լավ գիտեն, որ ում ասես կզոհաբերի կաշին փրկելու համար։

Ինչպես որ հիմա է այդ անձը հազարավոր զոհերի, հաշմվածների, անհետ կորածների, ռազմագերիների և հայրենիքի կորցրած տարածքների մեղքը փորձում բարդել այլոց վրա՝ կրկնելով հայտնի անեկդոտի բառերը․ «Պողո՜ս, Պողո՛ս ջան, աչքովդ տենաս՝ չհավատաս»։ Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո ինչքան պողոս որ մնացել է, այդքան էլ հիմա դեգրադացված է մեր ազգը։
Ի դեպ, ներողություն խնդրելով Պողոս անունը կրող արժանապատիվ մարդկանցից, զարմանում եմ, որ նրանք մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկել իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ իրենց անունը տգիտության խորհրդանիշ դարձնելու համար։

Այս դավաճանական պատերազմի սկիզբն ու ավարտը բազում շերտեր ունեն, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերլուծության կարիք ունի։ Այս հոդվածում անդրադառնանք կոնկրետ պողոսների դերին, որովհետև մեծ հաշվով 2018-ին նրանք նպաստեցին այս ազգադավ թիմի իշխանությունը զավթելուն։

Մեկ Նիկոլն ու տասնյակ սորոսակաները ոչինչ չէին կարողանա անել, եթե նրանց հետևից չգնային տասնյակ հազարավորները։ Մի մասը միացավ իրական փոփոխությունների ակնկալիքով, զգալի հատվածն էլ առաջնորդվեց «մենակ հանրապետականների ռոժը չտենամ» մոլուցքով։ Հիմա նոր «ռոժերից» գո՞հ եք, Երևանը փողի անհատակ տակառ դարձրած կոմիկ քաղաքապետից գո՞հ եք, նախարար ու պատգամավոր դարձած անմեղսունակներից գո՞հ եք, փրկիչ հորջոջված դավաճանից գո՞հ եք։ Կամ գոնե գիտակցո՞ւմ եք ձեր մասնակցության բաժինն այս նենգ դավաճանության մեջ։

Արձանագրենք, որ հայ հասարակությունը սոսկ երկու տարում չվերածվեց զոմիբիացած բիոզանգվածի։ Հետ նայենք մեր անկախության 30 տարիներին, և առնվազն 40-ն անց խելամիտ մարդիկ կարող են վերհիշել, թե երբվանից սկսվեց թույնի կաթիլ-կաթիլ ներարկումը։ Ընդհանուր գծերով հիշեցնենք։

- 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանը երկրում առկա տնտեսական աղետալի վիճակը պայմանավորեց Ղարաբաղյան հակամարտության հետ՝ հրապարակ նետելով ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումը։
- 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության թելերը սկսեցին հյուսել նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջը՝ թշնամածին թեզերով տանելով գործող նախագահի վարկաբեկման գործընթացը։ Զուգահեռաբար նաև մերկապարանոց քննադատություններով նսեմացնելով երկրի տնտեսությունը անդունդից հանելուն ուղղված այդ տարիների ահռելի աշխատանքը։
- 2008-ի մարտի 1-ը՝ նախորդած ու հաջորդած իրադարձություններով ատելության սերմանման գագաթնակետը դարձավ։
- Հետագայում, Սերժ Սարգսյանի ողջ նախագահության ընթացքը հիստերիկ ընդդիմախոսությամբ ներկայացվեց որպես թալանի ու կոռուպցիայի մի անվերջ շղթա․․․

Պատահակա՞ն է արդյոք, որ 1999-ից համակարգված ձևով ընթացող պետականության հիմքերը խարխլող այդ արշավը զուգադիպեց թուրքական «Ալթայ» ծրագրի ստեղծմանը։ Պատահական է արդյո՞ք շարքային լրագրող Նիկոլի քաղաքական ակտիվացումը հենց այդ ժամանակներից։ Կյանքը ցույց տվեց, որ պատահական ոչինչ չկա և այսօրվա իրադրությունը հետևողականորեն իրականացված հրեշավոր ծրագրի պտուղներն են։

Ինչո՞ւ հասարակության մի հատվածը կուրորեն ենթակվեց գործածվող մանիպուլյացիաներին։ Որովհետև ուղեղների լվացման տեխնոլոգները հիանալի բռնել էին միջին վիճակագրական հայի տամարը և շեշտը դրել էին նրա նախանձի ու չկամության վրա, սեփական անկարողության մեղքն ուրիշներին վրա գցելու սովորության վրա, իրենց ծուլությունն ու վախկոտությունը մեծախոսությամբ քողարկելու վրա և այլն։

Երկու տասնամյակ հետևողականորեն կաթեցրած թշնամության թույնը հաճույքով կլանում էին հենց այդ կատեգորիայի մարդիկ։ Այդ պատճառով էլ, 1998-2017 թթ. բարեկեցիկ Հայաստանում ապրող և ռեստորաններում խնջույքների համար մեկ ամիս առաջ հերթագրվող հայը, մեկ էլ հանկարծ 2018-ի ապրիլից սկսեց իրեն դիրքավորել համարյա թե որպես աֆրիկյան հետամնաց դիկտատորական ռեժիմի սովալլուկ ու կեղեքված բնակիչ․․․

Այդ ո՞ր աղբերգական կյանքից ձեզ փրկեց գառան դիմակով գայլը։ Ցավով եմ ասում, բայց դե վայելեք ձեր սարքած իսկական ողբերգությունը, երբ ղեկավար ընտրեցիք անկիրթ-անուսում-անդաստիարակ-անհայրենիք մեկին, ով ծախեց պատերազմն ու պետության սահմանները և թնդանոթի միս դարձրեց կյանքը դեռ չվայելած պատանիներին։

Այսօր այդքան վստահորեն չէինք խոսի դավաճանության մասին, եթե կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո գերագույն դավաճանը ենթադրենք ինքնասպան լիներ կամ անմիջապես հրաժարական տար, բայց նա անամոթաբար շարունակում է վարչապետ խաղալ, ասես թե կատարվածը մի փոքր թյուրիմացություն է եղել։ Ավելին՝ ժողովրդի վստահությունը չափում է փողոց դուրս եկած մարդկանց քանակից ու բղավելու բարձրությունից։

Սա հերթական սադրիչ մանիպուլյացիան է նրա կողմից՝ պողոսի մակարդակին իջեցրել ողջ ազգին և թելադրել իր խաղի կանոնները՝ եթե ինձ չեք վստահում, ապա միլիոններով լցվեք փողոցներ, հեղեղեք փողոցներ, բախվեք ոստիկաններիս, իրար արյուն թափեք, փողոցն ու լայքերն են իմ չափման միավորը․․․ Ո՛չ, դու այլևս չես կարող քո ուզածը թելադրել, քանի որ քո դիմակն արդեն պատռված է, քո մեղքերն ու հանցանքներն անհաշվելի են և քո տեղը միայն ռազմական տրիբունալն է, անարգանքի սյունը և արնախում դավաճանի անջնջելի խարանը։

Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ