20 11 2020

Պատասխան եք տալու միանշանակ… Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել

Պատասխան եք տալու միանշանակ… Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել

Ես երբեք չեմ լքել ձեզ ու չեմ լքելու: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Երբեւիցե չեմ դառնացել

Երբեւիցե չեմ վիրավորվել

Երբեւիցե ձեզ չեմ լքել

Սիրելի´ ժողովուրդ, թանկագի´ն եղբայրներ եվ քույրեր, թեժ կռիվների բովով անցած իմ զինակիցներ…

Այսօր իմ համար շատ ծանր օր է: 1988 թվականի փետրվարին իմ կողմից արձակված առաջին փամփուշտն իմ ժողովրդի անվտանգության համար էր: Այնուհետեւ իմ անմիջական նախաձեռնությամբ, զրոյական վիճակից, ի շնորհիվ եւ ի փառս իմ ժողովրդի, մենք կարողացանք ստեղծել կանոնավոր զորք, այն է՝ Ասկերանի պաշտպանական շրջանը՝ գունդը:

Իմ հրամանատարությամբ մեր գունդը մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության բազմաթիվ մարտական գործողությունների՝ տարբեր ճակատներում բեկումներ մտցնելով: Այո´, մենք լռեցրեցինք Աղդամի տարածքում գտնվող բոլոր կրակակետերը եւ այն ազատագրեցինք: 1991 – 1994 թ.թ. 3000 անձնակազմ ունեցող գունդը, բացի իր հիմնական պաշտպանական հատվածից մասնակցել է նաեւ Մարտակերտի, Քարվաճառի, Լաչինի, Հորադիզի ուղղություններում ազատագրական պայքարին: Այդ ընթացքում կորցրեցինք մեր լավագույն 292 մարտիկներին, ունեցանք երկու անհայտ կորած եւ վիրավորվեցին 475 մարտիներ, որոնց մեծ մասը ապաքինվելով վերադարձան շարքեր:

27 տարի շարունակ Ասկերանի պաշտպանական շրջանը փառքով կատարեց իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Նույնը՝ 2016թվականի ապրիլին եւ 2020թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում:

Այսօր շատ դառնացած ու վիրավորված եմ, քանզի տկար եւ ապաշնորհ քաղաքական գործիչների կողմից վարած հակահայ քաղաքականության արդյունքում Ասկերանի եւ մյուս պաշտպանական շրջանների գնդերը թողեցին իրենց մարտական հենակետերը:

Պատասխան եք տալու միանշանակ…

Սակայն դու չե´ս պարտվել Հայ Զիվոր, լսու´մ ես, դու հաղթել ես…

Սիրելի´ հայրենակիցներ, ես երբեք չեմ լքել ձեզ ու չեմ լքելու: Իմ Արցախն ու իմ ղարաբաղցիներն իմ սրբությունն են: Շարունակելու եմ իմ պայքարը, մենք իրավունք չունենք պարտվելու եւ հիշեք՝ հաղթելու ենք:

Շնորհակալություն եմ հայտնում այն հարյուրավոր իմ մարտական ընկերներին, որոնք անսալով իմ կոչին ոտքի ելան, զենք վերցրին: Կոչ եմ անում ձեզ, պահենք եւ պաշտպանենք մեր սուրբ երկիրը, քանզի դա մեր յուրաքանչյուրի սրբազան պարտքն է: Ես համոզված եմ, որ եթե մենք համախմբվենք, դեն նետենք վախն ու հուսահատությունը, շատ կարճ ժամանակում հաղթելու ենք:

Իմ խոնարհումը բոլոր նահատակված մեր մարտիկների ընտանիքներին, բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում:

Աստված մեզ բոլորիս պահապան»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ