«Բազմաթիվ քաղաքացիներ ունեն չպարզաբանված ինֆորմացիա` արդյո՞ք «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները ծառայել են իրենց նպատակին։ Արդյո՞ք թիրախային են այդ գումարները ծախսվելու»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։
Պատգամավորի հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: Այս իրավիճակում, մասնավորապես, սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելը կարևորագույն հարցն էր: Ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- նշեց Մհեր Գրիգորյանը:
Նկատենք, որ Yerevan.Today-ն այսօր անդրադարձել էր հիմնադրամին կատրված նվիրատվություններին, նշելով, որ տեղեկութուններկան, որ նվիրատվությունների մի զգալի մասը պատերազմի թեժ օրերին ծածուկ պայմանավորվածությամբ՝ փոխանցվել է ՀՀ պետբյուջե և այն վերածվել է սովորական բյուջետային ծախսերի, ըստ որում հայտնի չէ՝ ի՞նչ ծավալով և կոնկրետ ի՞նչ նպատակային ծախսի անվան տակ է փոխանցումն արվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը