ՀՀ ազգային ժողովն այսօր վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:
Նախագիծն ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով: Նշենք, որ քվերակությանը չէին մասնակցում ընդդիմադիր խորհրդարանականները, քանի որ վերջիններս բոյկոտել էին նիստը։
Նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառվարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Վերջինս նշեց, որ տվյալ վարկային համաձայնագրով նախատեսված էր կառուցել Հրազդանի տարածաշրջանից, մասնավորապես, Դդմաշենից մինչև Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ, Դդմաշենում՝ ենթակայան և Այրումում՝ փոխակերպիչ կայան, որը հնարավորություն կտա Հայաստանի էներգոհամակարգին զուգահեռ աշխատանք ապահովել և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ միաժամանակ:
Նշենք, որ ՀՀ և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
Պատասխանելով հարցին, թե ինչու են մասհանումների կատարման ժամկետը երկարաձգում, Հակոբ Վարդանյանը պարզաբանեց՝ նախորդ կառաավարության կողմից ծրագիրը ժամանակավորապես կասեցվել էր, և չէր իրականացվում, որպեսզի գնահատվեին դրա տեխնիկատնտեսական արդյունավետությունը և այլ հնարավոր իրականացման մեթոդները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը