12 11 2020

Իշխանություն ունեցողները պետք է հեռանան, բայց այնպես հեռանան, որ իրենց ստեղծած վակուումը լրացվի իրական մանդատ ունեցողներով․ Վարուժան Ավետիքյան

Իշխանություն ունեցողները պետք է հեռանան, բայց այնպես հեռանան, որ իրենց ստեղծած վակուումը լրացվի իրական մանդատ ունեցողներով․ Վարուժան Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն  Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«ԱՌԱՋՆՈՐԴՄԱՆ ՎԱԿՈՒՈՒՄԸ

Երեխան երբ ընկնում է անմիջապես աչքերով փնտրում է մորը ու երբ չի գտնում անօգնական բարձր լացում է` հրավիրելու համար մոր ուշադրությունը: Մայրը երեխայի առաջնորդն է: Յուրաքանչյուր երեխա իր մորը բնածին տալիս է մանդատ: Թեև օրենքն էլ է մայրերին տալիս երեխային ուղղություն տալու, օգնելու, պաշտպանելու, մի խոսքով առաջնորդելու առաջնահերթ մանդատ, սակայն մայրերն այն ունեն բնատուր:

Քաղաքական առաջնորդումը նույն կերպ է գործում: Իշխանությունը ստանում է մանդատ ընտրությունների միջոցով, որն ամրագրվում է օրենքի ու իրավունքի ուժով: Իշխանության մարտահրավերն է մինչև հաջորդ ընտրությունները պահել ոչ միայն օրենքի ուժով տրված մանդատը, այլ նաև ոչ ֆորմալը, բնատուրը:

Ակներև է, որ ոչ Փաշինյանը, ոչ իր կառավարությունը ու ոչ էլ իշխող խմբակցությունը չունեն Հայաստանի, կրկնում եմ Հայաստանի ընտրողների մի մեծ մասի ոչ ֆորմալ կամ բնատուր մանդատը: Այս փաստը նրանք ապացուցում են live-երով, հրահրող գրառումներով, քաղաքական ու հասարակական գործիչների ձերբակալություններով ու բերման ենթարկելով, ֆեյսբուքյան փոխհրաձգությամբ, ԱԺ-ից բացակայությամբ ու հանրության տարբեր հատվածների հետ երկխոսություն ունենալու փոխարեն իշխող խմբակցության անունից սոցիալական ցանցին հարիր ստատուս գրելով:

Այն, ոչ թե լոկ ընկած, այլ «խոցված ու զգետնված» երեխան աչքերով իր մորն է փնտրում ու գտնելու փոխարեն ստատուս է տեսնում: Մանդատը չկա: Տղեքն էլ չկան:

Առաջնորդման վակուումը: Սա է իրողությունը:

Քաղաքական պաշտոն զբաղեցնողները պետք է հեռանան, քանզի իրենց չունեցած մանդատը էլ ավելի է թուլացնելու մեզ բոլորիս: Հենց հիմա ակտիվ բանակցություններ վարելու, ծանր որոշումներ կայացնելու, շահագրգիռ կողմերին համոզելու, սպառնալու, բացատրելու, հիմնավորելու, հայ ազգին ոգեշնչելու, մոբիլիզացնելու, դիմադրողականությունը բարձրացնելու պահն է: Այդ ամենն անելու համար իրական մանդատ է պետք, իսկ իրենք չունեն:

Իշխանություն ունեցողները պետք է հեռանան, բայց այնպես հեռանան, որ իրենց ստեղծած վակուումը լրացվի իրական մանդատ ունեցողներով: Այ դա կլինի մեղքերի մի փոքր քավություն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ