«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 6-ից 8-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։
BBC րատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում չի անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության թեմային:
CNN-ը նշված ժամանակահատվածում 1 հոդված է հրապարակել: Լրատվամիջոցը նշել է, որ System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգեր է թողարկել։ «Այս երկու երգերը ՝«Protect The Land» և «Genocidal Humanoidz», պատմում են սարսափելի և լրջագույն պատերազմի մասին, որը իրականացվում է մեր մշակութային հայրենիքների՝ Արցախի և Հայաստանի դեմ»,- խմբի խոսքերն է մեջբերել լրատվականը։
Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 4 հոդված։ Լրատվամիջոցն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկմանը։
Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 2 հոդված։ Լրատվամիջոցը նշել է, առնվազն երեք խաղաղ բնակիչ է զոհվել ուրբաթ օրը Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքները գնդակոծելու հետևանքով։
Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 2 հոդված։ Գերմանական լրատվամիջոցը անդրադարձել է ադրբեջանանական կողմի գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում արձանագրված զոհերի, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքներից մեկը գրավելու հայտարարությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը