07 11 2020

Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին և հայ տղամարդուն հավասար կպաշտպանի իր հայրենիքը․ Աննա Հակոբյան

Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին և հայ տղամարդուն հավասար կպաշտպանի իր հայրենիքը․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։ Ինձ մեղադրում էին թուլության մեջ, համառորեն չնկատելու տալով իմ մեկ այլ հայտարարությունը. այն է՝ պատերազմ լինելու դեպքում պատրաստ եմ ինքս զենք վերցնել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Կանայք հանուն խաղաղության արշավի ուղերձը մեկն էր՝ մենք որպես կին եւ մայր պետք է ստիպենք քաղաքական որոշում կայացնող տղամարդկանց, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի դեպքում կրկին չփորձեն պատերազմի ճանապարհը, չվտանգեն մեր 18-20 տարեկան զավակների կյանքը, նրանց անձնազոհ հերոսության չդրդեն, սեւազգեստ մայրերի բանակը հազարներով չավելացնեն։

Ընդ որում՝ կոչս ուղղում էի նաեւ ադրբեջանցի կանանց եւ մայրերին, ինչի համար կրկին քննադատության էի արժանանում։ Հիմա երբ պատերազմ է, երբ մեր 18-20 տարեկան զինվորները, աշխարհազորայինները, կամավորները, սպաներն ու պայմանագրայինները իրենց կյանքն են տալիս հայրենիքի պաշտպանության համար, երբ թշնամին ուզում է նոր «1915 թվական», երբ մեր բանակը կռվում է միաժամանակ մի քանի պետության զինված ուժերի, վարձկանների ու տեռորիստների դեմ, ես զենք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաեւ ամբողջ աշխարհին ուղերձ հղելու, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թվականի» կրկնություն թույլ չի տա։

Եւ ի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։ Սիրելի տիկնայք, կողմնորոշվե’ք, խնդրում եմ։ Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։ Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա’ է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլեւս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել։ Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի ե’ւ իրեն, ե’ւ իր երեխային, ե’ւ իր հայրենիքը։ Մենք ո’չ հայրենիք եւ ո’չ էլ արժանապատվություն չունե’նք թշնամուն զիջելու։ Մենք մեր անմահացած հերոս զավակներին հաղթական ու հզոր հայրենիք ենք պարտք եւ դա բոլորի’ս պարտքն է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ