05 11 2020

ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները նպաստի դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով

ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները նպաստի դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով

 

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

 Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով.

 1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը,

 2) Երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման:

 Եթե քաղաքացին խնդիրներ ունի դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող է անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ կարող է թղթային դիմում ներկայացնել, ինչպես նաև՝  օգնություն կստանա իր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու հարցում։

 Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել.

 1) Ծնողի (երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում՝ երկու ծնողների) և երեխայի (Եթե նպաստը նշանակվում է երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխային՝ բոլոր երեխաների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները,

 2) Կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը, հաստատող փաստաթղթի լուսապատճենը, մասնավորապես.

 ա. Եթե նպաստը նշանակվում է հաշմանդամ երեխային՝ ԲՍՓ քաղվածքը.

 բ. Եթե նպաստը նշանակվում է միակողմանի ծնողազուրկ երեխային՝ ծնողի մահվան վերաբերյալ փաստաթուղթ կամ այլ փաստաթուղթ.

 գ. Եթե նպաստը նշանակվում է ժամկետային զինծառայողի երեխային՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ.

 դ. Եթե նպաստը նշանակվում է զոհված զինծառայողի երեխային՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը և այլն։

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-654-089, 097297570 հեռախոսահամարներով։

 Երեխայի ծննդյան միանվագ դիմումի ձևը։

 Պետական նպաստի դիմումի ձևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ