Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն:
Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր:
Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:
Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը