Դպրոցներում երկու շաբաթ շուտ մեկնարկած աշնանային արձակուրդներից հետո այս օրերին կրթական ու առողջապահական ոլորտների նախարարություններում համատեղ քննարկվում է կրթօջախները փակ պահելու և հեռավար ուսուցմանը վերադառնալու մոտեցումը։
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Yerevan.Today- ի հետ զրույցում հայտնեց, որ ԱՆ-ն զգուշանում է կրթօջախներում վարակի նոր օջախներ ձևավորելու հեռանկարից, ուստի այսօր իր դիրքորոշումը պատրաստվում է հայտնել ԿԳՄՍ ին։
«Վերջին ամսվա ընթացքում կորոնավիրուսի վարակման դինամիկան կտրուկ աճ է արձանագրել և այս ցուցանիշի պայմաններում պետք է հասկանալ կրթական հաստատություններում աշխատանքը վերսկսելու նպատակահարմարությունը»,- նշեց ԱՆ խոսնակը։ Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ԱՆ խոսնակը չցանկացավ որոշակիացնել, ենթադրվում է, որ նախակրթարանների դռները ևս կմնան փակ դեե երկար ժամանակ։ Այսօր կամ վաղը Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։ Հիշեցնենք՝ կորոնավարակի ակտիվ տարածման պատճառով ԿԳՄՍ նախարարի հրամանով դադարեցվեցին հանրակրթական հաստատություններում աշխատանքները՝ հոկտեմբերի 15-ից 29-ը։ Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նույնպես պարապմունքները երկու շաբաթով դադարեցված են, իսկ քոլեջները և ուսումնարանները անցել են հեռավար ուսուցման։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը