Ցավոք ասում եմ և դա դատարկ խոսքեր չեն ընդհանարապես ԱԹՍ-ները գլխացավանք է բոլորի համար։ Դա խնդիր է անգամ ռուսական հզոր բանակի, ԱՄՆ-ի հզոր բանակի համար Սիրիայում։ Այս մասին այսօր «Թիվ 5» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ընդհանրապես առաջին անգամն է, որ այսքան մեծաքանակ ԱԹՍ-ներ է կիրառվում։
Հարցին, թե նախորդ տարի վարչապետ Փաշինյանը հայտնում էր, որ Օսա ԱԿ համալիրի ձեռքբերումն անխոցելի է դարձնում ՀՀ սահմանները, այդ դեպքում ինչպես ԱԹՍ֊ները հասան Կոտայքի մարզ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ավելի հզոր տեխնիկա էլ կա, օրինակ Ս300 ավելի հզոր է, և ՀՕՊ համակարգերից ցանկացածը միտված է անխոցելի դարձնել օդային սահմանները: Բայց նրանք էլ են ենթարկվել հարձակման: Ինչպես պարզվում է՝ պրոբլեմ է այսքան քանակի ԱԹՍ-ների դեմ պայքարելը։
Նրա խոսքով, հակաօդային պաշտպանության միջոցները, որքան էլ հզոր լինեն, ֆիզիկապես չեն կարողանա դիմակայել տասնյակ ԱԹՍ-երի՝ միաժամանակյա գրոհին և հարվածներին:
«Ցանկացած ՀՕՊ համալիր ունի միաժամանակյա խոցելու հնարավորություն: Այսինքն, տվյալ միջոցը մեկ րոպեի ընթացքում, օրինակ, կարող է խոցել մեկ թռչող սարք: Եթե նույն վայրկյանի ընթացքում իր վրա գալիս են տասը միավոր նման ԱԹՍ-եր, ինքը ֆիզիկապես չի կարող տասին խոցել, թեկուզ հասցնի 3-ին, 4-ին խոցել, մյուսները իրեն են խոցելու: Հիմա երբ քո վրա մեկ օրվա ընթացքում գալիս են հազարին հասնող ԱԹՍ-եր՝ տարբեր էշելոններով, տարբեր բարձրություններից, տարբեր ուղղություններով. դժվար է, ժողովուրդ ջան, շատ դժվար է»,- պարզաբանել է Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը