22 10 2020

Եթե ԱՄՆ դեսպանատունը մեզ չարձագանքի, այստեղ վրաններ ենք դնելու. արցախցի կանանց բողոքի ակցիան



Արցախցի կանայք շարունակում են իրենց բողոքի ակցիաները ՀՀ-ում տարբեր դեսպանատների դիմաց: Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կանայք բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջով, որպեսզի լսեն իրենց և հանդիպում կազմակերպեն դեսպանի հետ:

«Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով այսօր Արցախի կանայք, մայրերեը, քույրերը ստիպված լքել են իրենց բնակավայրերը, իրենց տները և ապաստան գտել Հայաստանում: Այստեղ կանգնած բոլոր կանայք թողել են իրենց բանակավայրերը՝ իրենց հարազատներին թողել են Արցախում՝ Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Հադրութում, Մարտունիում, Ասկերանում, Քաշաթաղում: Իրենց ընտանիքների մի մասը, ովքեր առաջնագիծն են պաշտպանում և այն հարազատների մի մասը, ովքեր թիկունքում են և ապրում են ապաստարաննեում՝ առանց հոսանքի, ջրամատակարարման, ջեռուցման: Մենք եկել ենք այստեղ մեր պահանջով, մենք չենք լռելու, հենց այնպես չենք խոսելու և հեռանալու: Մենք պահանջում ենք, որպեսզի դեսպանատան ներկայացուցիչը նվազագույն դեպքում դուրս գա և հանդիպի մեզ հետ»,- նշեց ցուցարար կանանցից մեկը:

Որոշ ժամանակ անց դեսպանատնից բողոքի ակցիայի մասնակիցներից հրավիրեցին հանդիպման, որի ավարտից հետո կանանցից մեկն ասաց, որ հանդիպել են դեսպանատան ներկայացուցչի հետ և ներկայացրեց իրենց պահանջները. «Մենք հանձնեցինք մեր հանաջը և հանդիպում պահանջեցինք դեսպանի հետ: Մենք ասացինք, որ սպասելու ենք պատասխանի, այլապես հնարավոր է, որ մեր այսօրվա հավաքն ավարտվի, բայց մենք նորից ենք գալու և այստեղ վրաններ ենք դնելու և ապրելու ենք այստեղ, որովհետև մենք գնալու տեղ չունենք, մենք ուրիշ հայրենիք չունենք: Եթե չեն ուզում լսել մեր պահանջը, մենք այստեղ պատմելու ենք մեր պահանջի մասին և պահանջելու ենք Արցախի ճանաչում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ