Արցախի ճանաչման պահանջով այսօր՝ հոկտեմբերի 20-ին ցուցարարները շարունակում էին իրենց բողոքի ակցիան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցներին պայմանավորվածության համաձայն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության դեսպանը:
Հանդիպման ժամանակ, ինչպես նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ԵՄ դեսպանի հետ խոսել են իրավիճակի մասին, ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի մասին փաստերը և պահանջել համապատասխան գնահատական:
«Եմ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները բավականին հստակ էր: Մենք խոսեցինք, որ Եվրոպական միությունը և եվրոպական բոլոր կառույցներն այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, ինչն անում էին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ:
Մենք բոլոր տեսանյութերն ու նկարները դեսպանին ցույց տվեցինք, թե ինչպես են վարվում մեր զինվորների դիերի ու գերիների հետ, և դեսպանն ասաց, որ իրենք այդ բոլորը տեսել են, ամեն ինչին ծանոթ են և արդեն ներկայացրել են Բրյուսելին: Դեսպանը նաև ասաց, որ իրենց համակրանքը մեր ազգի նկատմամբ է և Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը