Պատերազմը միայն ռազմի դաշտում չի ընթանում։ Այս պարզ և բազմիցս ասված ճշմարտությունը համառորեն չի հասնում մեր հայրենակիցների մի զգալի մասին։ Այդ զանգվածը վերջին երկու-երեք տարիներին անփոփոխ է մնում իր մոտեցումների մեջ՝ այն պարզապես դադարել է իրավիճակը սթափ գնահատել, գիտակցել մեր երկրին սպառնացող վտանգները և առավել ևս այնպիսի լրջագույն սպառնալիք, ինչպիսին պատերազմն է։ Չի ընկավում, որ պատերազմը կարող է երկար տևել, կարող է վտանգել մեզանից յուրաքանչյուրի կյանքը ոչ միայն Արցախում, այլև հենց Երևանում կամ Վանաձորում, կարող է բերել սոցիալական վիճակի կտրուկ վատթարացման՝ ընդհուպ պարենի ապահովման առումով, կարող ենք վերստին հայտնվենք էներգետիկ ճգնաժամի մեջ, որ անհրաժեշտ է իսկապես համազգային միասնություն դրսևորել և մի կողմ դնել իշխանության ստեղծած պառակտիչ «սև-սպիտակի» մթնոլորտը և այլն։ Մի խոսքով՝ վաղուց արդեն ժամանակն է մտնել պատերազմող երկրի տրամաբանության մեջ՝ դրանից բխող մեր վարքագծային փոփոխություններով։
Ինչպես արդեն նշեցինք, պատերազմի միայն ռազմական գործողությունները չեն։ Ռազմի դաշտից դուրս այս օրերին ընթանում է նաև հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմ, որտեղ հաջողությունն ու անհաջողությունը կարող են լրջորեն ազդել ռազմական գործողությունների վրա։ Սոցցանցային իրականությունը հաշվի առնելով, ավելի զգոն և շրջահայաց պետք է լինել այստեղ։ Տեղեկատվական պատերազմում մեզանից յուրաքանչյուրը պետք է զգա իրեն զինվոր։ Առաջին հերթին անհրաժեշտ է հետևել այդ ոլորտի մասնագետներին և առնվազն չանել քայլեր, որոնք կարող են վնասել մեզ, մեր բանակին ու երկրին։ Որո՞նք են այդ քայլերը, որոնցից պետք է զերծ մնանք տեղեկատվական պատերազմում։
1․ Ռազմաճակատում տեղի ունեցողի և ընդհանրապես պատերազմական իրավիճակին վերաբերվող ցանկացած տեղեկատվությանը ծանոթանալիս, ավելի քան բովանդակությանը, պետք է իմանալ, թե ի՞նչ աղբյուրից է տեղեկատվությունը և ո՞վ է դրա հեղինակը։ Առանց հավաստիանալու դրանում, չի կարելի վստահել անծանոթ աղբյուրից ստացված որևէ տեղեկատվության։
2․ Անկախ նրանից հաճելի կլինի տեղեկատվությունը թե տհաճ, եթե այն անհայտ կամ անծանոթ կայքից է կամ ֆեյսբուքյան էջից, թե մեկ այլ աղբյուրից, այդ տեղեկատվության ճշմարտացիությունը պետք է ստուգել՝ այլ հավաստի աղբյուրներից և մասնավորապես՝ պաշտոնական տեղեկատվության հարթակներից, իսկ մինչ այդ զերծ մնալ այն տարածելուց կամ այլ մարդկանց ծանոթացնելուց։
3․ Հատկապես պատերազմի օրերին սոցցանցերում՝ ֆեյսբուք, տելեգրամ և այլն, ադրբեջանական կողմից ստեղծվել են և ստեղծվում են բազում կեղծ էջեր։ Առաջին հայացիքց դրանք կարող են կասկած չառաջացնել, քանի որ դրանցում պատկերված են ասենք՝ հայկական եռագույնը, Արցախի նախագահի նկարը կամ անվանվում են ենթադրենք՝ Հայկական զինվորներ, Հայաստան, աշխարհի հայեր և նմանատիպ անվանումներով։ Այդպիսով, նրանք շփոթություն են առաջացնում մեզ մոտ և շատերին թվում է, թե դրանք հայկական էջեր են, իսկ բովանդակության մեջ խոսվում է հայկական իբր ահռելի մարդկային կամ տեխնիկական կորուստների մասին, տեղադրած են իբր դրանք հավաստող տեսանյութեր կամ լուսանկարներ, հորդորում են որ մենք դադարեցնենք պայքարը և այլն։ Այսինքն, սրանք ծուղակ էջեր կամ կայքեր են, որոնց ոչ միայն չի կարելի վստահել, այլև հարկ է զգուշացնել մյուսներին դրանց թշնամական լինելու մասին։
4․ Չի կարելի համացանցում տարածել հայկական զինուժի որևէ գործողության՝ սկսած տեխնիկայի տեղափոխությունից վերջացրած հրթիռի արձակման մասին տեսանյութ։ Այս մասին պետական-պաշտոնական մարմինների կողմից անընդհատ հորդորներ են լինում, սակայն այդպես էլ դրանք չեն հասնում շատերին։ Մարդիկ կան, որոնց համար անընկալելի է այն իրողությունը, որ այդպես անելով, իրենք պարզապես նվերև են մատուցում թշնամուն՝ հնարավորություն տալով մանրամասներ իմանալ մեր բանակի գործողությունների մասին և ըստ այդմ՝ պատրաստվել մեզ հարվածներ հասցնելու։
5․ Թվում է, թե համացանցից օգտվող այնպիսի հայ չպետք է լիներ, որի համար անհայտ լիներ, որ ․az-վ ավարտվող կայքերը ադրբեջանական են, որ յուրաքանչյուր երկիր ունի իր տիրույթն ինտերներտում իր երկրի անվանումն արտացոլող երկու տառերով։ Սակայն արի ու տես, անգամ այս պարզ իրողությանը անտեղյակների պակաս չկա և նրանցից ոմանք առանց հասկանալու տարածում են թշնամական երկրի կայքերից հրապարակումներ։ Չի կարելի դա անել։ Մյուս կողմից էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ մինչև այժմ Հայաստանում այս պատերազմական օրերին չի արգելափակվել ադրբեջանական՝ ․az տիրույթը։
6․ Խուճապ տարածել չի կարելի։ Խուճապը բացի պարտությունից, ուրիշ ոչնչի չի բերում։ Օրինակ՝ չի կարելի տարածել թշնամու կողմից տարածվող տեսանյութերը, որոնք ուղղված են մեզ ահաբեկելուն կամ հոգեբանական ճշման ենթարկելուն։ Թշնամու տրամաբանությունը հասկանալի է, թե ինչու է այդպես անում, անհասկանալի է, թե ինչո՞ւ են նույն կերպ վարվում մեր հայրենակիցները։ Ի՞նչ են ցանկանում դրանով ցույց տալ, ինչի են ուզում դրանով հասնել՝ անգամ իրենք չեն իմանում։ Պարզապես էմոցիոնալ վիճակից ելնելով, տարածում են թշնամու տեղադրած տեսանյութը և օգնում նրան մեր դեմ ձեռնարկած գործողությունների մեջ։ Ցանկացած տեսանյութ, որ համացանց է գցում թշնամին և ուղղված է մեզ ահաբեկելուն, կտրականապես չի կարելի տարածել։ Ավելին, դրանք պետք է բողոքարկվեն տվյալ սոցցանցի կառավարիչներին։ Բողոքարկման ձևերին շատերն են ծանոթ, իսկ ովքեր անծանոթ են, կարող են տեղեկանալ։
7․ Պատերազմում որքան խուճապը, նույնքան էլ անհիմն էյֆորիան կարող են նույն վնասը տալ։ Պատերազմի առաջին օրերին դա հատկապես ցայտուն էր դրսևորվում։ Զանգվածաբար խոսում էին Բաքուն կամ առնվազն Եվլախը գրարվելու մասին։ Մինչդեռ, ռազմաճակատում ծանրագույն պաշտպանողական մարտեր էր մղում մեր բանակը, տալիս զոհեր, իսկ սոցցանցային «գեներալներին» դա պարզ զբոսանք էր թվում։ Անթույլատրելի է նաև անհիմն էյֆորիան։
Վերոնշյալը թերևս այն նվազագույնն է որ չպետք է անենք մենք համացանցում, որպեսզի չօգնենք թշնամուն և չխանգարենք մեր բանակին։ Մեզանից ոչ մի զոհողություն կամ հավելյալ ջանք չի պահանջվում դա չանել, ուրեմն ի գիտություն ընդունենք և զերծ մնանք այն ամենից, ինչի մասին նշվեց վերևում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը