Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ և հիվանդ երևակայության արդյունք հանդիսացող տեղեկությունները, որոնց տարածումը դարձել է թուրքա-ադրբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հիմնական բաղադրիչը և նպատակ ունի հարված հասցնել Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ինչպես նաև գործընկեր ու բարեկամ երկրների հետ ձևավորված ջերմ հարաբերություններին:
Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները. օրինակ՝ արձանագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան– Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան–Բաքու չվերթը: Նույն երթուղին նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին: Նախատեսված են նաև Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդագարի օդանավակայան ու հետադարձ չվերթերը:
Ավելին՝ նմանատիպ չվերթեր են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո:
Ընդ որում, նշված չվերթերի մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են և որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում:
Ակնհայտ խոսուն և իրադրության մասին հստակ պատկերացում տվող այս տվյալները փաստում են, որ թուրքա-ադրբեջանաահաբեկչական դաշինքն այս գործողություններով փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը, ինչպես նաև իր այդ չարամիտ գործելաոճը կոծկելու նպատակով սեփական հակաօրինական արարքները վերագրել հայկական կողմին՝ դրանով հանդերձ փորձ կատարելով նաև լարվածություններ ստեղծել միջազգային տարբեր հարաբերություններում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես դիմելով միջազգային իրավասու կառույցներին՝ հորդորում է չտրվել ադրբեջանական սադրանքներին և հիմք չընդունել տարածվող ապատեղեկատվությունը:
Միաժամանակ կոչ ենք անում քննության առարկա դարձնել մեր կողմից տրամադրված հավաստի տեղեկությունները, բազմակողմանիորեն ստուգել դրանք և հետամուտ լինել պարզաբանելու հիշյալ չվերթերով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը