14 10 2020

Ինչո՞ւ են աճում կորոնավիրուսի թվերը և ի՞նչ անել. Հարցազրույց Դավիթ Մելիք –Նուբարյանի հետ

Ինչո՞ւ են աճում կորոնավիրուսի թվերը և ի՞նչ անել. Հարցազրույց Դավիթ Մելիք –Նուբարյանի հետ

Արդեն տևական ժամանակ է, ինչ կորոնավիրուսի թվերի աճ կա, ավելին՝ հոկտեմբերի 14-ին մեկ օրում գրանցվել է 1000-ից ավելի դեպք: Կորոնավիրուսի իրավիճակի պատկերը հասկանալու համար զրուցել ենք ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, ԲԳԹ Դավիթ Մելիք -Նուբարյանի հետ:

  • Ինչի՞ հետ է կապված այս ակտիվացումը
  • Կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է մի քանի գործոններով․ նախ մի երեք-չորս ամիս է, արդեն կայուն աճ ունենք, դրա վրա ազդել է նախ այն, որ ամռան ամիսներն անցել են, և բնակչության շարժունակությունն է մեծացել, թեստավորումների թիվն էր ավելացել ժամանկին, հետո կրթական հաստատությունների բացումն էլ մեծ հավանականությամբ իր դերն ունեցել է:

Իհարկե նաև, հիմա ստեղծված իրավիճակում մեծ քանակությամբ մարդիկ տեղաշարժվում են, և դե, իհարկե, պետք է նշել անցյալից եկած շատ խնդիրներ կապված որոշ գործողությունների հետ, որ կարելի էր ավելի լավ անել»:

  • Ինչպե՞ս կարող ենք խուսափել վարակի տարածումից, ի՞նչ գործողություններ կարող ենք անել:
  • Սկզբունքները չեն փոխվել, մենք պետք է անենք այն, ինչ մեզնից պահանջում են և խնդրում են պետական կառույցները, այսինքն դիմակ կրենք, հնարավորության դեպքում պահպանենք հեռավորությունը, ձեռքերի հիգիենա և այլն, բայց մյուս կողմից գերատեսչություննէլ իր կողմից պետք է միջոցառումներ ձեռնարկի, այսինքն թետավորումները շատ անի, կոնտակտավորներին բացահայտի, մեկուսացումներ անի։ Բայց օբյեկտիվ լինենք և ասենք, որ այս իրավիճակում ավելի հեշտ է խորհուրդ տալ, քան թե իրականում դա կազմակերպել․ նաև դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալել, նստել:
  • Կարո՞ղ ենք ասել, որ գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ:
  • Ինչ էլ անվանենք, դա սկզբունքային չի, պետք է պարզապես արձանագրենք, որ հունիս-հուլիս ամիսներին նորից ունեցանք դեպքերի աճ, հետո նվազում, հիմա նորից աճ ունենք, այնպես որ դա սկզբունքային կարևորություն չունի, այս աճից հետո էլի ունենալու ենք նահանջ, դա կարող է տևել երկուսից երեք շաբաթ, հետո էլի թվերը կգնան դեպի նվազման, սա վարակի տարածման բնական պրոցես է:
  • Իսկ ժամանակի ընթացքում կորոնավիրուսը մուտացիաների չի՞ ենթարկվել:
  • Մուտացիաների ենթարկվելու առումով, լավ լուրն այն է, որ դեռևս բավարար ապացույցներ չկան, որ կորնավիրուսն այնպես է փոխվել, որ դարձել է ավելի վտանգավոր: Ինչ-որ ոչ սկզբունքային փոփոխությունների ենթարկվել է, բայց դա չի ազդել իր վտանգավորության վրա:

Մյուս լավ նորությունն այն է, որ մենք սովորել ենք արդեն ավելի լավ դիմագրավել վիրուսին: Օրինակ աշխարհում էլ թվերը աճում են, բայց մահերը չեն ավելանում, քանի որ համակարգը, բուժաշխատողները սովորել են ավելի լավ կառավարել հիվանդությունը:

Բնակչությունը պետք է հստակ հասկանա, որ արդյունավետ են այն միջոցառումները, որոնք առաջարկվում են աշխարհի կողմից, մնացածը գիտականորեն ապացուցված չէ։ Եթե, օրինակ, մարդկանց ասենք այս կամ այն վիտամինը ընդունեք, գուցե ենթագիտակցաբար սկսեն մյուս կանոներին էլ չհետևել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ