«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցը զրուցել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի հետ, ով այժմ Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում է։
Լրագրողը հայրենակցի հետ զրույցում նշել է, որ հիշողությունն ամբողջովին չի վերականգնվել ստացած վնասվածքից հետո:
«Մեզ հետ սաղավարտներ և զրահաբաճկոններ չէինք վերցրել՝ մտածելով, որ Ստեփանակերտում կտան, սակայն ճանապարհին տեղեկացանք, որ Շուշիի եկեղեցու ուղղությամբ հարված է հասցվել և մեկնեցինք այնտեղ: Ես հեռախոսով էի նկարում: Այն ավիառեժիմի վրա էր դրված, այնուամենայնիվ կարողացել էին կոտրել. կարծում եմ հարվածել են հեռախոսից ստացվող ազդանշանի ուղղությամբ»- վերհիշում է Կոտենոկը:
Պատմելով երկրորդ հարվածի մասին, երբ իրենք եկեղեցում են եղել, լրագրողը նշել է, որ այն սարսափելի էր: «Արդեն մտածում էի, որ մահացել եմ: Խելքի եկա, փորձում էի կանգնել: Ձայն էի տալիս մյուս թղթակցին՝ Լևոն Արզանովին»,- հավելել է լրագրողը՝ նշելով, որ իրեն դուրս են բերել եկեղեցուց, որից հետո ոչինչ չի հիշում: Հիվանդանոցում արթնանալով՝ իմացել է, որ սրտում փոքր բեկոր է մնացել:
«Նման ցուցադրական դաժանություն նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել»,- հավելել է Կոտենոկը՝ խորհուրդ տալով տեղում աշխատող թղթակիցներին հնարավորինս նվազեցնել տեխնիկական սարքերի օգտագործումը, որոնց պատճառով կարող են հայտնվել ադրբեջանական հարվածների թիրախում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը