08 10 2020

Խաղողի մթերման գործընթացն Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է

Խաղողի մթերման գործընթացն Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրոպարենային ոլորտի պատասխանատուների ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ում կազմակերպվել է հանդիպում Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ, որի հիմնական նպատակն էր քննարկել մարզում խաղողի մթերումների սահուն կազմակերպումն ու քայլեր ձեռնարկել մթերումների ընթացքում հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։

Քննարկումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի և մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, որոնք մինչ այդ այցելել են մարզի մի շարք գործարաններ ու խաղողի մթերման կետեր, նախապես տեղեկացել առկա խնդիրների մասին և փորձել համատեղ ջանքերով միջամտել գործընթացին՝ առաջարկելով որոշ կարգավորումներ։ 

«Նախատեսվող մթերման ծավալն այս մարզում ավելի մեծ է, քան այս պահի դրությամբ խաղողի առկայությունը, սակայն հերթերն ու կուտակումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում և ձեռնտու չեն ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ մթերողին, քանի որ այդ ընթացքում խաղող մշակողը, մնալով հերթերի մեջ, վատնում է իր ժամանակը, իսկ խաղողը որակազրկվում է, մինչդեռ եթե բերքահավաքը և մթերումը արտադրողի և վերամշակողի միջև կազմակերպված լինի, ապա այդ օրվա հավաքած խաղողը նույն օրը կմթերվի, ինչի արդյունքում երկուսն էլ կշահեն», - շրջայցերի ընթացքում նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Այնուամենայիվ, փոխնախարարն ընդգծել է, որ ֆերմեր-վերամշակող արդյունավետ և սահուն համագործակցության, ինչպես նաև որակյալ գինեգործական արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է գործարաններ ներկայացնել բարձր որակի և համապատասխան սորտերի խաղող:

Քննարկման ընթացքում համայնքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ քվոտա՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից, առավել արդյունավետ կազմակերպել մթերումները, ինչպես նաև ապահովել մթերման գործընթացի վերահսկելիություն։

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի համայնքների ղեկավարները գործարանի ղեկավարությանը տեղեկացնելու են, թե որքան կկազմի մթերման ենթակա այդ օրվա բերքը, իսկ գործարանն իր կողմից կպարտավորվի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա մթերել գործարան բերված խաղողի այդ խմբաքանակը։

Հավաքագրված տվյալներով գործարանում մթերումները կսկսեն իրականացվել հոկտեմբերի 9-ից, հոկտեմբերի 7-ին և 8-ին կշարունակվի հերթերում կուտակված մեքենաների բեռնաթափումն ու խաղողի ընդունումը։ Մինչ այդ մարզպետը հորդորել է համայնքապետերին հոկտեմբերի 8-ին այդ համայնքներում բերքահավաք չիրականացնել։

«Մեր հաշվարկով, տվյալ համայնքներում ներկա պահին եղած խաղողի բերքի ծավալը կազմում է ընդամենը 7,500 տոննա, իսկ միայն Արարատի գինու գործարանը այս պահին պատրաստ է մթերել 10 հազար և ավել տոննա, այսինքն, այն անհանգստությունը, որ կա ֆերմերների մոտ, իզուր է», - ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նշել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։    

Մարզպետը տեղեկացրել է, որ խնդրի նմանատիպ լուծում առաջարկվել է նաև Ոստան համայնքում, որտեղ նույնպես ներկա պահին առաջանում են խաղողով բեռնված մեքենաների կուտակումներ։

Արման Խոջոյանն ընդգծել է, որ եթե մթերումները կազմակերպվեն կանոնակարգված կերպով, ապա լարվածություն չի առաջանա։ Նրանց հավաստմամբ՝ խաղողն այգիներում չի մնա և ամբողջությամբ կմթերվի։

Ներկայում գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և Ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ