07 10 2020

Արդեն տասնմեկ օր Արցախը՝ միջազգային մամուլի առաջին էջերին

Արդեն տասնմեկ օր Արցախը՝ միջազգային մամուլի առաջին էջերին

Տասնմեկերորդ օրն է Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ և թիրախավորել է խաղաղ բնակչությանը։ Մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և Արցախի մնացած բնակավայրերը ենթարկվում են հրետակոծության և հրթիռակոծության։ Արցախում պատերազմը նաև միջազգային հանրության և լրատվամիջոցների ուշադրության ներքո է։ Yerevan.Today-ն ըստ օրերի ներկայացնում է միջազգային մամուլի անդրադարձը Արցախյան իրադարձությունների վերաբերյալ։ (Նախորդ օրերի հրապարակումները՝ այս հղումով

Ստորև ներկայացնում ենք հոկտեմբերի 6-ի և հոկտեմբերի 7-ի միջազգային մամուլի հրապարակումներից։

BBC-ն ԼՂ-ում ռազմական գործողությունները և դրանց հետևանքները ցուցադրող ֆոտոշարք է հրապարակել

Վերջին օրերին կովկասյան տարածաշրջանում նախկին Խորհրդային երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները, գրում է BBC-ն՝ ներկայացնելով առաջնագծից և Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծություններից հետո դրանց հետևանքները ցուցադրող կադրերով ֆոտոշարք։

Լուսանկարները հիմնականում վերցվել են հայ օգտատերերի և ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից: 

Reuters. Ղարաբաղյան հակամարտության միջոցով Էրդողանը փորձում է «արժանի տեղ զբաղեցնել աշխարհակարգում»

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հաստատուն աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, որն Անկարային առանձնացնում է մյուս խոշոր երկրների շարքում, անհանգստացրել է նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ովքեր հրադադար են պահանջում, գրում է Reuters-ը:
«Սակայն Էրդողանի համար վճռական դիրքորոշումը ռազմավարական գերակայություն եւ թանկարժեք անհրաժեշտություն է, որը հիմնավորում է նրա` արտասահմանում ռազմական մկանների օգտագործման ռազմավարությունը` ներքին աջակցությունը պահպանելու համար:

Նախագահն Անկարայի աջակցությունն Ադրբեջանին որպես Թուրքիայի` «աշխարհակարգում իր արժանի տեղը գրավելու» ձգտման մի մաս է որակել: Նա հնարավորություն է տեսնում փոխել ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Թուրքիայի տրամաբանությունը խախտումն է քարտեզի գրեթե բոլոր անկյուններում: Ստատուս քվոն խարխլող ցանկացած բան լավ է նրա համար, քանի որ նախկին ստատուս-քվոն հակասում էր նրա շահերին»,- ասել է Ռոբերտ Բոշի ակադեմիայի գիտաշխատող Գալիպ Դալայը:

«Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտություն կար: Թուրքիան ցանկանում է խարխլել այդ խաղը, նույնիսկ եթե այն չի կարող ամբողջությամբ ավարտել` հաշվի առնելով Ռուսաստանի ավանդական ազդեցությունը տարածաշրջանում»,- ասել է նա:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով` Թուրքիայի դիրքորոշումը` ոչ բացահայտ սպառնալիքը եւ նախազգուշացումը Ռուսաստանին, որը պաշտպանական պայմանագիր է կնքել Հայաստանի հետ, արտացոլում է նրա վստահությունն անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում Սիրիայում, Լիբիայում եւ Իրաքում:

Թուրքական անօդաչու թռչող սարքերն այժմ գլխավորում են ադրբեջանական հարձակումները, եւ Անկարայի բարձրաստիճան մի պաշտոնյա Reuters-ին ասել է, որ թուրքերը ենթակառուցվածքներ եւ աջակցություն են ապահովել` հավաստիացնելով, որ այնտեղ թուրքական զորքեր չկան:
Էրդողանն ակնկալում է, որ, չնայած Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց տարաձայնություններին, Թուրքիան եւ Ռուսաստանը բավական լավ լեզու են գտնում`տարածաշրջանում ավելի լայն հակամարտությունը կանխելու համար:

Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան կոչերով հանդես եկան` դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում, սակայն Էրդողանը հայտարարում է, որ նրանք անտեսել են ճգնաժամը վերջին երեք տասնամյակի ընթացքում եւ չպետք է գլխավորեն խաղաղապահ ջանքերը: Թուրքիան հայտարարում է, որ տեւական խաղաղությունը կախված կլինի արված առաջարկներից այն մասին, թե ինչ տեղի կունենա ռազմական գործողությունների ավարտից հետո: Էրդողանի դիրքորոշումը սրել է լեզվական պատերազմը Ֆրանսիայի հետ:

Ռազմական հաջողությունները եւ ռազմական դեմոնստրացիաներն աշխարհի այլ մասերում օգնեցին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, դաշնակից ազգայնականների հետ միասին, առաջատար դիրք պահպանել հարցումներում` չնայած արժույթի արժեզրկմանը, որը վատթարացրեց տնտեսական կորուստը կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ըստ MetroPoll հետազոտական ​​խմբի` անցած ամիս Էրդողանի աշխատանքի հավանությունը գրեթե 5 տոկոսով աճել է Միջերկրական ծովի նկատմամբ տարածքային իրավունքների շուրջ Եվրամիության հետ հակասությունից հետո: «Այս բոլոր հակամարտությունները սրում են այն ընկալումը, որ Թուրքիան շրջափակման մեջ է` արդարացիորեն կամ ոչ արդարացիորեն»,- ասել է Ստամբուլում տեղակայված EDAM վերլուծական կենտրոնի նախագահ Սինան Ուլգենը: Ըստ նրա` «ի վերջո, հենց տնտեսությունն է որոշում քաղաքական մրցակցությունը»:

Moody’s վարկանիշային գործակալությունը հայտարարում է, որ այս տարի լիրայի գրեթե 25 տոկոսով անկումից հետո Թուրքիային վճարային բալանսի ճգնաժամ է սպառնում:

Անկարայի կախվածությունը Ադրբեջանից գազի ներկրումից, որը 2020 թվականի առաջին կեսին աճել էր 23 տոկոսով, նույնպես խթան է Լեռնային Ղարաբաղի հարցում հաստատուն դիրքորոշում ցուցաբերելու համար:

Պաշտպանության ծախսերն այս տարի աճել են 16 տոկոսով եւ կազմել 7 մլրդ դոլար կամ ընդհանուր բյուջեի 5 տոկոսը, իսկ 10 տարվա ընթացքում ռազմական բյուջեն աճել է գրեթե 90 տոկոսով:

Սակայն միջսահմանային արշավները, ինչպիսիք Թուրքիան վարում է Սիրիայի հյուսիսում, Իրաքում եւ Լիբիայում, առաջնահերթություն են Էրդողանի համար, ասել է երկրորդ թուրք պաշտոնյան: «Ո՛չ համավարակը, ո՛չ էլ վատթարացող բյուջեն չեն խոչընդոտելու պաշտպանական ծախսերին»,- ասել է պաշտոնյան: «Դա ցանկալի չէ, բայց պարտադիր է: Թուրքիան  նույն դաշտում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ: Մենք չենք կարող մանր մտածել կամ գործել »:
ԱՄՆ ներկայության կրճատումը տարածաշրջանում բացեր է թողել, որոնք Թուրքիան եւ Ռուսաստանը փորձել են լրացնել դիվանագիտության միջոցով` Սիրիայի Իդլիբ նահանգում եւ Լիբիայում հակամարտությունները զսպելու համար:

Անկարան հերքում է պնդումները, այդ թվում` Ռուսաստանի կողմից, այն մասին, որ սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջանին աջակցելու համար: Մոսկվայի հետ սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում նշանակում է, որ «Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու կապակցությամբ մտավախություն չկա»,- ասել է մեկ այլ պաշտոնյա:

Հայերը կրկին կանգնած են էթնիկ զտումների վտանգի առաջ. The American Conservative

Ամերիկյան The American Conservative պարբերականը հոդված է հրապարակել «Հայերը ևս մեկ անգամ կանգնած են էթնիկ զտումների վտանգի առաջ» խորագրով՝ ներկայացնելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ:

«Անմիջական աջակցություն ստանալով Թուրքիայից՝ Ադրբեջանն անխտիր ռմբակոծում է բնակավայրերը տարածաշրջանով մեկ: Այս հարձակումներով Ադրբեջանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վտանգում են Արցախի, Հայաստանի գոյությունը»,- ասվում է հոդվածում: 

Հոդվածի հեղինակը նշում է, որ թուրքական կառավարությունն ու մամուլը, այնուամենայնիվ, Հայաստանը ներկայացնում են որպես ագրեսոր, իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել Ադրբեջանին:

«Հակառակ Էրդողանի և Ալիևի պնդումների՝ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է հայկական մշակույթի և պատմության մի մասը: Թուրքերը բնիկ ժողովուրդ չեն ո՛չ Թուրքիայի, ո՛չ հարավային Կովկասի համար: Դա վերաբերում է նաև ադրբեջանցիներին»,- նշվում է հոդվածում:

Times of India-ն՝ ԼՂ հակամարտությանն Անկարայի միջամտելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը գերտերություն դարձնելու հավակնությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է Սիրիայի և Լիբիայի հետ հակամարտություններին, փորձում է մեծացնել իր ազդեցությունը Էգեյան ծովում, ԱՄԷ-ին մեղադրում է պաղեստինցիների դավաճանության համար, իսկ այժմ աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ  հակամարտությունում, գրում է Times of India-ն։

Թերթն ընդգծում է, որ «թեև Անկարան զայրացրել է Արևմուտքին՝ փորձելով սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում, և՛ հիմա Լեռնային Ղարաբաղում Թուրքիան և Ռուսաստանը միանգամայն տարբեր կողմերին են օգնում միևնույն պատերազմների շրջանակում»։

«Թուրքիայի ֆինանսական համակարգն այժմ խորը ճգնաժամի մեջ է, բայց ֆինանսական համակարգի բարելավման մեթոդներ փնտրելու փոխարեն, Էրդողանը փորձում է լայն հանրությանը շեղել այդ խնդիրներից»,- գրում է թերթը։

Ինչպես նշում է թերթը, «Էրդողանը ցանկանում է իրեն ներկայացնել որպես մուսուլմանների պաշտպան, իսկ  Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում՝ որպես սուրը ձեռքին մեծ ռազմիկ, որը մահմեդական ադրբեջանցիներին պաշտպանում է քրիստոնյա հայերի դեմ դիմակայությունում», մինչդեռ փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ամերիկահայերը շարունակում են բարձրացնել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը. Fox Los Angeles

Լոս Անջելեսում հայերը շարունակում են երթեր, ցույցեր անցկացնել՝ փորձելով ԱՄՆ-ի ուշադրությունը գրավել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի ուղղությամբ, գրում է foxla.com-ը:

Սիերա Մադրե քաղաքից Code 3 Angels հասարակական կազմակերպության հիմնադիր Ջո Գրիգորյանն անհրաժեշտ պարագաներ է ուղարկում Հայաստան քաղաքացիներին և զինվորներին օգնելու համար:

Կազմակերպությունը հիմնադրվել է 2016-ին: Գրիգորյանը և նրա կամավորները մեկնել են Հայաստան բնակիչներին առաջին բուժօգնություն սովորեցնելու և մարդկանց կյանքը փրկելու իրենց գիտելիքները փոխանցելու համար:

«Մենք սկսեցինք հավաքել բժշկական պարագաներ, վնասվածնքերի համար անհրաժեշտ ամեն ինչ մեր զինվորների համար»,- նշել է Գրիգորյանը:

«Բնակիչներն այնտեղ բժշկական օգնություն են ցուցաբերում, օգնում են տարեցներին դուրս գալ շենքերից, օգնում են հասնել հյուրանոց կամ ապաստարաններ: Մենք ընդամենը փորձում ենք բժշկական պարագաներ հասցնել, որոնք կօգնեն մեր եղբայրներին և քույրերին»,- ասել է կազմակերպության անդամ Վահագն Գաբուդյանը:

Բացի Հայաստան ուղարկված օգնությունից, հայրեը նաև բողոքի ցույցեր են անցկացնում Լոս Անջելեսում՝ հույս ունենալով բարձրացնել մարդկանց իրազեկությունը և գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը:

Wall Street Journal. Ո՞վ կարող է կանգնեցնել բախումը Կովկասում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին մարտական գործողությունները ցույց են տալիս, որ միջին եւ փոքր տերություններն օգտագործում են հնարավորություններն այն դեպքում, երբ գերտերությունները շեղվում են մրցակցային առաջնահերթություններից, գրում է Wall Street Journal-ը.   

«Ուժային քաղաքականության տեսանկյունից այն տպավորությունն է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ցանկանում է ամրապնդել իշխանությունն իր երկրում՝ միեւնույն ժամանակ փոխելով իր երկրի կարգավիճակը տարածաշրջանում: Հակամարտությունը մարտահրավեր է նետում Ռուսաստանին նրա համար խոցելի սահմաններում՝ Հարավային Կովկասում: Կրեմլը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նրա համար սարսափ սցենար է Հարավային Կովկասում հակամարտությունը, որը տարածվում է Ռուսաստանի վրա, որտեղ չեչենները միակ մուսուլման փոքրամասնությունը չեն:

Անկարան, հավանաբար, խաղադրույք է կատարում նրա վրա, որ ադրբեջանցիները կարող են հաղթել հայ պաշտպաններին նախքան հայերը կկարողանան Ռուսաստանին եւ Հայաստանի արեւմտյան բարեկամներին համոզել վերջ դնել հակամարտությանը: Հայերը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հայերը, մարտիկի պատվավոր վարկանիշ ունեն: Սակայն առանց կողմնակի աջակցության շանսերը հօգուտ նրանց չեն:

Էրդողանն արկածախնդրության է դիմում: Ռուսաստանը պայքարում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ եւ մտահոգված է Բելառուսում տիրող ճգնաժամով:

Հակամարտությունը նաեւ խնդիրներ է ստեղծում Հայաստանի մեկ այլ դաշնակցի՝ Իրանի համար: Իրանում 15-20 մլն ադրբեջանցի խոշոր էթնիկ փոքրամասնություն է, եւ բոլոր նրանք, ովքեր մեծացնում են նրանց շրջանում ազգայնական տրամադրությունները, խնդիր են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար:                  

Ադրբեջանամետ ցույցեր են բռնկվել Իրանի մի քանի քաղաքներում: Իրանը երկու անգամ կմտածի նախքան նոր պատերազմին մասնակցելը:

Հայաստանն օգնության համար դիմել է Արեւմուտքին, որը, հավանաբար, չի լինի: Կորոնավիրուս, նախագահական ընտրություններ. այս ամենը վկայում է այն մասին, որ ամերիկյան արձագանքը, հավանաբար, սառնասիրտ կլինի: Իսկ Եվրամիության ցանկացած գործողություն կսահմանափակվի խորհրդանշական պատժամիջոցներով, ձեռքսեղմումներով եւ վեհ գաղափարների արտահայտմամբ:

Կրակի դադարեցման հեռանկարները մեծ չեն: Մինչդեռ հայ դիվանագետները սառնասրտորեն աշխատում են, որպեսզի միջազգային աջակցություն ստանան, Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են հայկական զորքերի դուրսբերում:

Էրդողանի համար Կովկասում հաղթանակն անձնական տրիումֆ է: Հաղթանակը Ռուսաստանին կստիպի ավելի լուրջ վերաբերվել Անկարային որպես տարածաշրջանում ուժ: Դա կմեծացնի ԱՄՆ-ից Էրդողանի անկախությունն ու նրա հեղինակությունը որպես մարդու, ով ցանկանում է վերածնել Օսմանյան կայսրության կորսված փառքը:

Էրդողանի ռիսկերը եւս մեծ են, հատկապես, եթե Ռուսաստանը որոշի մեկընդմիշտ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Գալիք ձմեռը, հավանաբար, թեժ կլինի խաղաղ բնակիչների եւ նրանց համար, ովքեր ներգրավված են պատերազմում, որը թուլացած միջազգային համակարգը, կարծես, չի ցանկանում կամ չի կարողանում կանխել»:     

Foreign Policy. Թուրքիան մոտ 1500 սիրիացի վարձկան է ուղարկել Ադրբեջան

Թուրքիան մոտ 1500 սիրիացի վարձկանն է ուղարկել Ադրբեջան` Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցելու համար, հաղորդում է Foreign Policy-ն:

Ինչպես հայտնում է պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրը Սիրիայի ազգային բանակում, զինյալները մինչ Ադրբեջան գործուղվելը հինգ օրից երկու ամիս վերապատրաստում են անցել:

Ըստ ամսագրի` առաջին գրոհայինները սեպտեմբերի վերջին տեղափոխվել են հարավային Թուրքիա, այնուհետեւ` Գազիանթեփից Անկարա, իսկ սեպտեմբերի 25-ին` Ադրբեջան: Հրամանատարներն ավելի վաղ էին ժամանել` տարածաշրջանն ուսումնասիրելու եւ ադրբեջանական զինուժի հետ զինամթերքի եւ զորքերի տեղաբաշխման հարցերը համակարգելու համար:

Չնայած զինյալներին չորս ամսվա պայմանագրեր էին առաջարկվում` ամսական 11.650 թուրքական լիրայի (1500 ԱՄՆ դոլար) դիմաց, ինչը նրանց համար զգալի ամսական եկամուտ է, շատերն ափսոսում են, որ համաձայնել են, հատկապես` 55 սիրիացի վարձկանի մահվան մասին լուրերից հետո: Կռվողներին ասել էին, որ նրանք համալրելու են սահմանային կետերը, սակայն փոխարենը ներքաշել էին հայ զինվորականների հետ անմիջական բախումների մեջ` ադրբեջանական ուժերի սակավ աջակցությամբ:

«Մեր եւ ադրբեջանական ուժերի միջեւ որեւէ փոխգործակցություն կամ հաղորդակցություն չկա»,- Foreign Policy-ին ասել է Ադրբեջանի Բարդայի շրջանում տեղակայված զինյալներից մեկը: «Բոլոր զինյալները դժգոհ են Ադրբեջանում տիրող իրավիճակից: Հոգեբանական մթնոլորտը շատ բարդ է` մեր մի շարք ընկերների մահից հետո»,- հայտարարել է նա:

Աֆրինից զինյալներից մեկն ասել է, որ դիակների ժամանումը «ողբերգական օր էր» Հալեպի գյուղական հատվածում, որի նմանը նախկինում չէին տեսել: «Մենք մեղադրում ենք Թուրքիայի կառավարությանը` մեր աղքատների եւ երիտասարդների ֆինանսական վիճակից օգտվելու համար»,- ասել է սպանված զինյալների ազգականներից մեկը:

Foreign Policy-ն նշում է, որ ընտանիքները չեն ցանկանում հայտնել իրենց տվյալները` զոհված զինյալների համար խոստացված 60.000 թուրքական լիրա (7800 դոլար) փոխհատուցումը չկորցնելու համար:

EADaily․ Վրաստանը հրաժարվում է բաց թողնել Հայաստանի համար ՌԴ հայկական սփյուռքի հավաքած հումնանիտար օգնությունը

Շտապօգնության 12 ավտոմեքենայի հումանիտար օգնությունը, որը Երեւանի համար հավաքել է Ռուսաստանին հայկական սփյուռքը, մնացել է Մոսկվայում, EADaily-ին հայտնել է Ռուս եւ վրացի ժողովուրդների միավորման հիմնադրամի նախագահ Վլադիմիր Խոմերիկին։

«Հայկական կողմի ներկայացուցիչները դիմել են Վրաստանի ԱԳՆ մարմիններին՝ Ռուսաստանից հատուկ տրանսպորտի եւ բժշկական հումանիտար օգնության տարանցման թույլտվություն ստանալու համար, որը նախատեսված է դրա կարիքն ունեցող հայ ժողովրդի համար։ Առայժմ տարանցումը մերժվել է։ Բոլոր մեքենաները մնացել են Մոսկվայում։ Մերժման կապակցությամբ ուղերձ է պատրաստվում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդ»,- հայտարարել է Խոմերիկին։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները հայտնվել են բարդ վիճակում՝ կապված Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական աճող հակամարտության հետ։

«Բայց մենք գիտենք, որ երկու կողմից մարդիկ են զոհվում, մեծ թվով վիրավորներ կան։ Վրաստանը հայտարարել է չեզոքության մասին, բայց պարտավոր է հումանիտար օգնությունը բաց թողնել։ Առավել եւս, որ տարանցման վերահսկողությունը կարելի է կազմակերպել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով»,- շեշտել է Հիմնադրամի նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ