Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփում
Կանադա
Կանադայի Հայ դատի հանձնախմբի հետևողական ջանքերի արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, որ Կանադայի արտաքին գործերի նախարարը որոշեց կասեցնել Կանադական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի արտահանումը Թուրքիա։ Խնդրի նախապատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Հայ դատի հանձնախմբի աշխատանքնրի միջոցով կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում սկսվեց ակտիվորեն քննարկվել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական արտադրության ԱԹՍ-ներում կանադական արտադրության սենսորային դետալների առկայությունը։ Սկսված հետաքննության արդյունքում կանադական կառավարությունն ամբողջությամբ բավարարեց հայկական կողմի պահանջը։
Հանձնախմբից նաև տեղեկանում ենք, որ շարունակվում են հասարակական-քաղաքական ազդեցիկ գործիչների կողմից Արցախի նկատմամբ շղթայազերծված հարձակումը դատապարտող հայտարարությունները։ Մասնավորապես, կանադական Օնտարիո նահանգի ազատական կուսակցության առջնորդ Սթիվեն Դել Դուկան հայտարարել է․ «Լեռնային Ղարաբաղը բնակեցված է և ղեկավարվում է հայերի կողմից, բայց Ադրբեջանը պատերազմում է նրանց դեմ: Այս հակամարտության մեջ ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին և կոչ եմ անում միջազգային հանրությանը միջամտել և կանխել հետագա զոհերը»։
Առանձին հայտարարություն է տարածել Քվեբեկի պաշտոնական ընդդիմությունը։ Վերջինս համերաշխություն է հայտնել Քվեբեկի հայ համայնքին և դատապարտել բռնությունը։ Հայտարարության հեղինակները նկատել են․ «Լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ինչպես և Հայաստանը, Քվեբեկը պետք է արձագանքի տարածաշրջանում տեղի ունեցած բռնություններին, որոնք վերսկսվել են սեպտեմբերի 27-ին և հանգեցրել են մահվան հարյուրավոր դեպքերի, ներառյալ խաղաղ բնակիչները»:
Եվրոպա
Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ, Եվրախորհրդարանի 48 անդամներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին ՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ և օգնել Հայաստանին լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը։
«Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության դեմ, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտին հրթիռային և օդային հարձակումները, ստիպել են խաղաղ բնակիչներին թաքնվել ապաստարաններում: Մենք նաև կոչ ենք անում Ձեզ, գերագույն ներկայացուցիչ Բորել, ճնշում գործադրել՝ կասեցնելու Թուրքիայի կողմից ցանկացած միջամտություն, որը փաստորեն ապակայունացնում հարևան մեկ այլ տարածաշրջան՝ Հարավային Կովկասը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը՝ ի դեմս գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի դեռևս սեպտեմբերի 27-ին հայտարարություն էր տարածել, որում խստորեն դատապարտել էր Արցախի ադրբեջանաթուրքական ագրեսիան, իսլամիստ ծայրահեղականների ներառումը մարտական գործողություններում և բանակցային գործընթացում Թուրքիայի ապակառուցողական մասնակցության փորձերը։ Դրան հետևոլ էր ԱՄՆ-ում և ԱՊԿ-ում Ադրբեջանի դեսպանի բողոքի նոտան, ինչին ի պատասխան Լ․ Ալմագրոն երկրորդ անգամ էր ստիպված եղել վերահաստատել կազմակերպության դիրքորոշումը և շեշտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման անհրաժեշտությունը։
Հայ դատի Վաշինգտոնի հանձնախումբը շարունակում է ԱՄՆ Կոնգրեսում ակտիվ աշխատանքներ տանել․ որպեսզի ընդունվեն համապատասխան բանաձևեր, որոնք գործնական հետևանքներ կունենան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ սկսած ռազմական օժանդակության դադարեցումից մինչև պատժամիջոցների կիրառում
Ավստրալիա
Մարդու իրավունքների ավստրիալացի հայտնի պաշտպան, Լոնդոնում տեղակայված Doughty Street Chambers ընկերության ղեկավար Ջեֆրի Ռորերտսոնը ավստրալական իշխանություններին կոչ է անում աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ռոբերտսոնը համակաողմանիորեն ներկայացրել է խնդրի էությունը, Թուրքիայի հովանավորությամբ ադրբեջանական բռնապետական վարչակազմի կողմից սանձզերծված պատերազմն ու դրա ընթացքում խաղաղ բնակչության կտամամբ կիրառվող զանգվածային խոցման զենքերի վերաբերյալ փաստերը։
Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը շարունակել են աշխատանքներ իրականացնել նաև քարոզչական, լրատվական տիրույթներում։
*Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնմուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։
Հայ դատի գրասենյակներն ու հանձմախմբերն անընդհատական կապի մեջ են նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչների և միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվահաղորդակցական պայքարում ապահովեն օբյեկտիվ լրատվություն։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը