Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը այսօր, սխալ է թե քաղաքական, թե ռազմական թե իրավական տեսակետից, նման է ռուսների ասած՝ ставить телегу впереди лошади. Մենք պայմանագիր ենք կնքում մի սուբյեկտի հետ, որին չենք ճանաչում, ինչը միջազգային իրավունքի տեսակետից առ ոչինչ է։
Բավական է ջայլամի քաղաքականություն վարել խոսելով աներևույթ ռիսկերի մասին։ Այսօրվա հրամայականն է Ճանաչել Արցախի Հանրապետությունը, որից հետո հսկայական մանևրելու դաշտ կբացվի, Արցախի հետ կնքելու և քաղաքական, և ռազմական, և տնտեսական պայմանագրեր։ Դա նախ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը յուրաքանչյուր պահի համատեղ որոշում ընդունել միավորման և ընդհանուր պետություն կազմելու վերաբերյալ։
Եվ որ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է, հնարավորություն կտա քննարկել Արցախի ստատուսի հարցը միջազգային հանրության հետ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահների։ Վերջապես բանակցությունները հնարավոր կլինի հանել անվերջ տեղապտույտից, և քննարկել Ադրբեջանի հետ այն հարցերը, որոնք Ադրբեջանը ի վիճակի է քննարկել և որոշում ընդունել, մասնավորապես սահմանների (իրենց ասած տարածքների հարցը)։
Համանախագահները հնարավորություն կունենան բանակցող կողմերին նոր, ավելի առարկայական առաջարկներ անել։ Ադրբեջանը երբեք չի համաձայնվելու ճանաչել Արցախի անկախությունը, կամ Հայաստանի հետ միավորումը։ Բայց ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների ու միջազգային հանրության կողմից թեկուզ մասնակի ճանաչված կամ ՀՀ հետ միավորված Արցախի ստատուսի հետ, ինչպես դա տեղի է ունենում այսօր Սերբիայի ու Կոսովոյի միջև։ Բնական է, որ այսօր Համանախագահները նախօրոք չեն կարող համաձայնություն տալ այդ քայլին, խախտելով միջնորդների հավասարաչափ մոտեցման սկզբունքը։
Բայց ՀՀ կողմից Արցախի ճանաչումից հետո, նրանք (համանախագահները), արդեն հնարավորություն կունենան և աշխատել միջազգային հանրության հետ Արցախի ստատուսի (անկախություն, միացում), ճանաչման մասով, և բանակցող կողմերին ներկայացնել առաջարկներ հաշվի առնելով Նոր իրավիճակը, որը հնարավորություն կտա բանակցությունները հանել երկարամյա տեղապտույտից ու քննարկել առարկայական հարցեր, որոնց շուրջը կողմերը ընդունակ կլինեն համաձայնության գալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը