21 09 2020

Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Pastinfo.am

Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Pastinfo.am

Աշակերտների մոտ անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ են առաջանալու,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան, կրթական փորձագետ Արմինե Դավթյանը։

Ուսումնական տարվա մեկնարկից հետո «Փաստինֆո»-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված հանրակրթական դպրոցներում ԿԳՄՍ նախարարության կողմից ներմուծված վարքականոնը բացասաբար է անդրադառնում, մասնավորապես տարրական դասարաններում սովորող աշակերտների վրա։ Վերջիններս դասարան մուտք գործելուց հետո պարտադրված են ժամեր շարունակ նստած մնալ, անգամ դասամիջոցներին թույլ չի տրվում վեր կենալ ու քայլել։ Երեւանի կենտրոնում գործող դպրոցներից մեկում անգամ գրանցվել է տղա երեխայի ուշագնացության դեպք։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փորձագետը նշել է, որ աշակերտների ուշաթափման վերաբերյալ ահազանգեր ինքը նույնպես լսել է։ Նրան այդ մասին փոխանցել են դպրոցահասակ զավակներ ունեցող ծնողները.«Այս իրավիճակը կհանգեցնի նրան, որ մեկ շաբաթ անց երեխան կգերհոգնի։ Հոգեբանական խիստ լարվածության արդյունքում նրանց մոտ տարատեսակ նևրոզներ կառաջանան, աշակերտներն այլևս ընդունակ չեն լինի լիարժեք կերպով ինտեգրվել դասապրոցեսին, իսկ կարճ ժամանակ անց պարզապես չեն ցանկանա դպրոց հաճախել։ Այս հետևանքները դրսևորելու ժամանակը շատ հեռու չէ»։

Այս ամենը, ըստ նրա, անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ է առաջացնելու աշակերտների մոտ, որովհետև ցանկացած օրգանիզմ, հատկապես այդ տարիքային խմբերի մոտ, կարիք ունի լիցքաթափվելու, իսկ եթե դա տեղի չի ունենանում, երեխայի օրգանիզմը երկար դիմակայել չի կարող։

«Արդյունքում աշակերտներն ինքնամփոփ կդառնան, առողջական վիճակի վատթարացումներն էլ շարունակական կլինեն։ Աշակերտների մոտ առաջադիմության կտրուկ անկում կարող է նկատվել։ Բացի հոգեբանական խնդիրներից, ժամեր շարունակ անշարժ նստած երեխայի մոտ ողնաշարային խնդիրներ կարող են առաջանալ, արյան շրջանառության վատթարացման պատճառով սրտխառնոցն և փսխումներ կարող են լինել, գլխապտույտ ու թուլություն կարող է նկատվել, որի արդյունքն էլ մեզ հասած ուշաթափության վերաբերյալ ահազանգերն են։ Հատկապես ժամեր շարունակ դիմակներով նստելու պարագայում այս ամենն ավելի հաճախադեպ կդառնա»,- ահազանգում է հոգեբան Արմինե Դավթյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ