ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ սահմանային իրավիճակին ու ժամեր առաջ զոհ ունենալու լուրին:
Թեմային անդրադառնալուց առաջ նախարարն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողի հիշատակը:
«Ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ որոշակի չեզոքացնելով մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Էս իրավիճակը արդեն մոտ երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել:
Երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ:
Դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին: Հատուկ ներկայացուցիչը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տեղեկացված է այս ամենի վերաբերյալ:
Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր ունենք ցավոք զոհ: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:
Ադրբեջանական ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, իր զգոնությունը բարձրացրել է: Էդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվել»,-ասաց Տոնոյանը:
Նախարարի պատասխանին արձագանքելիս իմքայլայան պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ հասկանում է թեմայի կարևորությունը և հանրային արտահայտվելու սահմանափակումները, այդուամենայնիվ, փորձեց ճշտել՝ կա՞ լարվածության աճ հուլիսյան դեպքերից հետո, թե՞, քանի որ առաջիկայում նախատեսված է ԱԳ նախարարների հանդիպում, իրավիճակը սահմանին գնում է թուլացման:
«Հուլիսյան գործողությունների համեմատաբար, այսպես ասած, դադարից հետո տվյալ ուղղության վրա հրադադարի խախտումները համարյա թե կրկնակի ավելացել են: Հույս ունենք, որ որոշակի և մեր ԶՈՒ-ի համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին:
Ավելի չեմ կարող ասել: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,-ասաց Տոնոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը