14 09 2020

Պահեստազորի զինծառայողները դիմում են խորհրդարանին

Պահեստազորի զինծառայողները դիմում են խորհրդարանին

«Արդարություն» կուսակցությունը և ՀՀ պահեստազորի  զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նախաձեռնությունը հետևյալ բաց նամակով դիմել է ԱԺ նախագահին, ընդդիմադիր խմբակցություններին, պշտպանության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների նախագահներին․

22.06.2020թ.  Արդարություն կուսակցությունը հանդես էր եկել  հրապապակային հայտարարությամբ՝ ՀՀ  զինծառայողների  և  նրանց  հավասարեցված  անձանց իրավունքների խախտումների կապակցությամբ և կոչ էինք արել կազմակերպել լսումներ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով, մասնավորապոս՝

21.06.2005 թվականից ուժի մեջ մտած՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց լիարժեք  չի վճարվում իրենց հասանելիք արձակուրդային վճարումները։ Այդ անձանց իրավունքները փաստացի խախտվում են, ընդվորում`  ՀՀ  ԱՆ  քրեակատարողական ծառայությունում  2005-2015 թթ. արձակուրդային  վճարումները  տրամադրվել են  համաձայն՝ վերոնշյալ  իրավական  նորմի:

07.08.2010 թվականին ուժի մեջ մտավ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխված տարբերակը և այդ ժամանակից մինչև 16.12.2017 թվականը, երբ ուժը կորցրել էր «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, արձակուրդները հաշվարկվում էին աշխատանքային օրերի փոխարեն օրացուցային օրերով:

Բանն այն է, որ  ՀՀ  Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը  տրամադրվող արձակուրդի  օրերի թվով բազմապատկելու միջոցով, մինչդեռ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց վճարում են նրանց դրույքաչափին հավասար հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից մոտ 40%-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից:

Ինչ վերաբերվում է զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց արձակուրդային օրերի հաշվարկմանը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, որը փոփոխվել էր 24.06.2010 թվականին, ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատվածն է, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, որն ուժը կորցրել էր 16.12.2017 թվականին, արձակուրդի տևողությունը կազմում է`

  • մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,
  • 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,
  • 25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր։

16.12.2017թ․ ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ փոփոխված օրենքում նվազեցվել է տրամադրվող օրերի քանակը և ավելացել է «օրացույցաին օր» ձևակերպումը՝ ըստ էության չանրադառնալով արձակուրդների տևողության յոթ տարվա սխալ հաշվարկի փոխհատուցման հարցին:

Մեր հայտարարությունից առաջ և հետո բազմաթիվ իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ, նախաձեռնություններ և կուսակցություններ անդրադառձել են վերը նշված խնդրին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը:

Կարևորելով ԱԺ դերը հանրությանը հուզող հարցերը լսելու, քննարկելու և օրենսդրական լուծումներ առաջարկելու գործում, ևս մեկ անգամ կոչ ենք անում կազմակերպել բաց հանրային լսումներ՝ խնդիրը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ