Պաշտոնական հարցմանը, թե ինչու է օրենք խախտվել, և ինչու են դասաժամերը բաշխվել առանց դասախոսների մրցութային ընտրության, համալսարանի ապօրինի ղեկավարը կարողացավ միայն պատասխանել, թե «պարետի սահմանափակումներով պայմանավորված մրցույթ չի կազմակերպվել»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
Պարզվում է՝ պարետն է արգելել համալսարանին լավագույն դասախոսներին ընտրել
2019թ.-ի օգոստոսից Տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմը համալրվեց շուրջ 80 նոր բարձրակարգ մասնագետներով, իսկ ավելորդ ծախսերի մասշտաբային տնտեսումների շնորհիվ ժամավճարը եռապատկվեց՝ 1500-ից դառնալով 4500 դրամ, որպեսզի հնարավոր լինի ներգրավել այդ մասնագետներին: Եվս 20 դասախոս, որոնք մրցույթի արդյունքում հաղթող էին ճանաչվել և պիտի միանային, հայտնի դեպքերից հետո հիասթափվեցին ու հեռացան:
Մրցույթն անհրաժեշտ էր ոչ միայն դասախոսական կազմի մակարդակը բարձրացնելու համար, այլև ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋ Է. ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ դասախոսների հետ աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է ԲԱՑ ՄՐՑՈւԹԱՅԻՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆ:
Ի՞նչ է կատարվում այժմ:
Ամբողջությամբ վերադարձել են հին կարգերը. այս տարի, բնականաբար, ոչ մի մրցույթ չի կազմակերպվել՝ օրենքի խախտումով, և դասաժամերը բաշխվել են ամբիոնի վարիչների սուբյեկտիվ կամքով, ինչը կոռուպցիայի ծաղկման ամենանպաստավոր իրավիճակն է: Օրինակ, եթե X դասախոսը, որն իր առարկային չի տիրապետում, ամբիոնի վարիչին խոշոր չափի կաշառք է առաջարկում կամ նրա հետ փոխկապակցված անձ է, ապա ամբիոնի վարիչը չունի գեթ մեկ ընթացակարգային սահմանափակում՝ այդ կաշառքը ստանալու և նրան դասաժամեր հատկացնելու համար: Իսկ եթե Y արժանի մասնագետը ամբիոնի վարիչի համար անցանկալի անձ է, ապա ամբիոնի վարիչը խղճից բացի կրկին չունի որևէ սահմանափակում՝ տվյալ մասնագետին դասաժամեր չհատկացնելու համար: Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի անսահմանափակ հնարավորություն է ստանում համալսարանի ռեկտորը՝ ամբիոնի վարիչներին իր քմահաճույքները մեկ հրահանգով պարտադրելու համար, երբ մրցույթ չի անցկացվում: Թե ինչ է փաստացի կատարվել այս ուսումնական տարվա դասաժամերը բաշխելիս, չեմ մեկնաբանի, որովհետև նման պայմաններում անիմաստ է որևէ ակնկալիք ունենալ:
Պաշտոնական հարցմանը, թե ինչու է օրենք խախտվել, և ինչու են դասաժամերը բաշխվել առանց դասախոսների մրցութային ընտրության, համալսարանի ապօրինի ղեկավարը կարողացավ միայն պատասխանել, թե «պարետի սահմանափակումներով պայմանավորված մրցույթ չի կազմակերպվել»: Եվ սա այն դեպքում, երբ չկա պարետի գեթ մեկ սահմանափակում, որը կարգելեր մրցույթի կազմակերպումը, ավելին՝ նույն շրջանում մեծ շուքով կազմակերպվեց ռեկտորի հայտնի առոչինչ մրցույթը, իսկ ուսանողներն արդեն 50 հոգանոց խմբերով դասի են նստում: Ճշգրտող հարցին, թե պարետի կոնկրետ որ սահմանափակումն է արգելել մրցույթի անցկացումը և օրենքի պահանջի կատարումը, ապօրինի ղեկավարը, բնականաբար, հրաժարվեց պատասխանել, որովհետև այդպիսի սահմանափակում պարզապես չկա:
Ինչո՞ւ եմ այս մասին գրում…
Անկախ բոլոր տարաձայնություններից՝ ինձ անկեղծորեն հետաքրքրում է՝ սա այն է, ինչ «հեղափոխական» նախարարը և փոխնախարարը ցանկանում էին ունենա՞լ համալսարանում, սա՞ էր նպատակը և այսպես էլ շարունակվելո՞ւ է, թե՞ ես ինչ-որ բան սխալ կամ չափազանցված եմ մեկնաբանում…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը