Ոստիկանությունը հաստատում է․ Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։
«Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։ Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է դեպքի առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ մոմավառությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից։ Տեսանյութը՝ ստորեւ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը