29 08 2020

Որոշ վարորդներ պետք է ճանապարհային վճար վճարեն․ ՏԿԵՆ նախագիծը

Որոշ վարորդներ պետք է ճանապարհային վճար վճարեն․ ՏԿԵՆ նախագիծը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, որի նպատակն է ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծումը: Այս մասին տեղեկանում ենք e-draft տեղեկատվական համակարգից:

Օրենքում ամրագրված է «ճանապարհային վճար» հասկացությունը, որը ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

Այսպիսով՝ առաջարկի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է՝ բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները այլընտրանքային ճանապարհներ են:

ՀՀ տարածքում գրանցված (հաշվառված), ինչպես նաև չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները նույնպես վճարում են ճանապարհային վճար:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական (միջպետական և հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանել անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 ՀՀ դրամ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում ՀՀ կառավարությունը:

Մի շարք դեպքերում նախատեսվում է նշված վճարից ազատում: Այսպիսով՝ չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվում են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար, ՀՀ-ում տեղակայված` ՌԴ ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար:

Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ