Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
Նա անկախ Հայաստանի Հանրապետության 29 տարվա պատմության մեջ 18-րդ ազգային հերոսը դարձավ և ըստ էության, սա Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում տրված առաջին Հայաստանի ազգային հերոսի կոչումն էր:
Ռուբեն Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության:
2012 թ-ին Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Կենսագրական և այլ մանրամասներ կապիտան Սանամյանի մասին իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, իսկ մինչ այդ գրեթե անհնար էր տեղեկություն ստանալ, թե ով է Սանամյանը և ինչ սխրանք է գործել: Ոչ վարչապետի, ոչ էլ ՀՀ նախագահի պաշտոնական էջերում որևէ տեղեկատվություն չկար Ազգային հերոսի մասին, ավելին, անգամ լուսանկար չկար, համացանցում պատկերը շատ չէր տարբերվում:
ՊՆ մամուլի խոսնակի հրապարակումից տեղեկանում ենք, որ Ռուբեն Սանամյանը կազմակերպել է «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, հետախուզմամբ հայթայթել է արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ: Հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ: Որպես հրամանատար, կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները եւ դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը, իր գրառման մեջ նշել է ՊՆ մամլո խոսնակը։
Ի դեպ, պարգևատրումների հետ կապված, տարբեր գնահատականներ են հնչում, քննադատություններ, մասնավորապես, որ կոչումների հետ, այն էլ այդքան բարձրագույն, պետք է զգույշ լինել և իմանալ, թե ով ինչի համար է պարգևատրվում: Քննադատություններ հնչեցնողները բոլորը, նշում են, որ ոչ մի պարագայում չեն ցանկանում թերագնահատել կապիտան Սանամյանի կամ մնացած պարգևատրվածների սխրանքը, այնուամենայնիվ, նշում են, որ անհրաժեշտ է լրջագույն ուսումնասիրություններ կատարել պարգև շնորհելուց առաջ, դրանք չարժեզրկելու համար:
Առաջարկում ենք վերհիշել, թե ովքեր են մեր ազգային հերոսները և ՀՀ ղեկավարների օրոք քանի կոչում է տրվել:
Նախ նշենք, որ այն ՀՀ պետական բարձրագույն կոչում է, որը սահմանվել է 1994-ի ապրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով։ Շնորհվում է ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց՝ երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում ՀՀ-ին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայության համար։ Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ Աժ նախագահության և ՀՀ Կառավարության կողմից։ Հերոսի բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է «Հայրենիք» շքանշան և ՀՀ նախագահի պատվոգիր։
Այսպես, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին կոչումը շնորհվել է 10 անձի: Ազգային հերոսի կոչմանն առաջինն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1994 թվականին:
Խորհրդային Միության փլուզումից հետո նա լայն գործունեություն ծավալեց Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի և Կիլիկիո ճյուղերի միավորման համար։
1996-ին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհվեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին:
Աշխարհահռչակ աստղագետն ու աստղաֆիզիկոսը տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։ Ըստ էության նա նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակն է, հենց նա է հիմնադրել Բյուրականի աստղադիտարանը:
Դարձյալ 1996-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման:
Ազգային հերոսի կոչումը հետմահու շնորհվել է Մոնթե Մելքոնյանին: Նա 1989 թ.-ին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թ.-ին գալիս է Հայաստան, երբ արդեն սկսված էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Լեռնային Ղարաբաղ։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվում է նաև Քարվաճառը:
Ջիվան Աբրահամյանին նույնպես Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել նրա մահից հետո`1996-ին։ Նա հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատարն է եղել: Մասնակցել է Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1996 թ-ին Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել նաև Վիտյա Այվազյանին։ 1990 թվականին ՀՀ ԳԽ պատգամավոր է ընտրվել Նուբարաշենի բանտում: Մինչ այդ 1988 թվականին աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, որտեղ կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն։
1996 թվականին Գեղազնիկ Միքայելյանը ևս Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել հետմահու: ՀՀ արևելյան սահմանների պաշտպանության ակտիվ մասնակիցներից էր:
Մահվանից վեց տարի անց` 1996 թ-ին, Հայաստանի ազգային հերոսի կոչում ստացավ Մովսես Գորգիսյանը։ Նա Ղարաբաղյան շարժման առաջնորդներից էր։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ Զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։
1996 թ-ին Հայաստանի ազգային հերոսի կոչմանն է արժանացել նաև Թաթուլ Կրպեյանը։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների
1996 թ-ին Հայաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել նաև Յուրա Պողոսյանին։ Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվել են 1990 թ-ին Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին։
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին 1999 թվականին հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչմանն է արժանացել քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը։
Ազգային հերոսի կոչումը հետմահու ստացավ նաև հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը:
2004 թվականին Հայաստանն աշխարհին ներկայացնելու գործում և երկրի առաջ ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն է արժանացել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:
2004 -ին Հայաստանի ազգային հերոսի կոչմանն է արժանացել Քըրք Քըրքորյանը: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի որդին էր: Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ամսագրի` 2007 թվականին նրա կարողությունը հասել էր 15 միլիարդ դոլարի, բացի այդ նա համարվում է «Լաս Վեգասի հայրը»։ Նրա տրամադրած միջոցներով Հայաստանում հիմնովին փոխվել, նորոգվել ու կառուցվել են ճանապարհներ, դպրոցներ, արվեստի ու մշակույթի կենտրոններ: Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը ևս Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ավանդի համար: Կոչումը շնորհվել է 2008 թվականին։
Իսկ ահա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում բարձրագույն կոչումը շնորհվել է արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին և ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը