03 08 2020

Պարոն քաղաքապետ, սիրո՛ւն չի, մանավանդ հեղափոխությունից հետո. Լալա Մնեյան

Պարոն քաղաքապետ, սիրո՛ւն չի, մանավանդ հեղափոխությունից հետո. Լալա Մնեյան

Շատ տխուր է տեսնել, թե ինչպե՞ս է բետոնի տակ անցել Մաշտոցի պուրակի այն հատվածը, որի համար ամենատարբեր տարիքի ու հայացքների տեր մարդիկ ամիսներով պայքարել են նախորդ իշխանությունների օրոք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կենաց տուն» ՀԿ մշակութային կենտրոնի տնօրեն Լալա Մնեյանը:

Նա մասնավորապես գրել է. «Երեկ երեկոյան Մարիամի հետ Mariam Avagyan գնացինք Մաշտոցի պուրակ հետախուզության։ Շատ տխուր է տեսնել, թե ինչպե՞ս է բետոնի տակ անցել պուրակի այն հատվածը, որի համար ամենատարբեր տարիքի ու հայացքների տեր մարդիկ ամիսներով պայքարել են նախորդ իշխանությունների օրոք։ Երեւանը դարձել է բետոնի, ասֆալտի եւ ապակու խառնիճաղանջ մի կոնգլոմերատ։ Արարատյան դաշտի տապից մեզ փրկողը պարզվում է ոչ թե ծառերն ու այգիներն են, այլ ջերմություն անդրադարձնող բետոնն ու սալիկները։

Եւ պարզվում է նաեւ, որ մենք ծառի ու զովություն պարգեւող կանաչ տարածքների փոխարեն այսօր կարիք ունենք միայն եւ միայն սրճարան - ռեստորանների։ Պուրակում կտրել են ծառեր, շարել պատեր, բետոնապատել հողը։ Փողի մոլուցքն այնքան է իր ճիրաններում աքցանել մարդկանց, որ ծառ ու թուփ տնկելու, զբոսայգիներ հիմնելու, շնչելու օդի հնարավորություն ստեղծելու փոխարեն միայն ու միայն բարձրահարկեր կառուցելու եւ խանութ - սրճարան հիմնելու մասին են մտածում։

Ո՞վ է թույլատրել կառուցապատել այգու տարածքը, կտրել հաստաբուն ծառերը։ Խոսում են, որ կտրած ծառերը թեղիներ են` քաղաքի համար ոչ այնքան պիտանի ծառատեսակ։ Բայց կտրողները քանի՞ հարյուր սոսի ու թխկի են տնկել, որ հիմա էլ իրավունք ունենան թեղիները հեռացնելու։ Ծառի տեսակը պատճառ բռնելը արդարացում չի կարող լինել, քանի որ պուրակը պուրակ պիտի մնա եւ ոչ թե վերածվի սրճարանի։

Մնում է, որ մեկը գտնվի ու ասի քաղաքապետին` «Սիրո'ւն չի, հե'չ սիրուն չի, մանավանդ հեղափոխությունից հետո»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ