Երկար դադադրից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին կրկին ֆեյսբուքյան լայվով խոսեց կորոնավիրուսի մասին: Նախ ասաց, որ թվերը մի փոքր նվազել են, հետո ավետեց, որ պատրաստ ենք համավարակի աշնանը սկսվող երկրորդ փուլին, հետո նորից կոչ արեց՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և համաճարակային կանոնները:
Վարչապետի ցերեկվա լայվից հետո երեկոյան մամուլից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում խնջույքի է մասնակցել։ Չմոռանանք, որ հենց ոստիկաններն են, որ ամեն քայլափոխի քաղաքացիներին դիմակ չկրելու համար տուգանում են, իսկ մի քանի հոգու մի տեղ հավաքվելն էլ դիտում որպես հավաք և բերման են ենթարկում:
Համարյա նման պատկեր էր նաև օրեր առաջ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումներ էր անում այն մասին, որ չնայած խստացումները մեղմվել են, բաց են ռեստորաններն ու սրճարանները, բայց պետք է սնվել տանը, չայցելել հանրային սննդի վայրեր: Մինչ իշխանականներն ու իշխանամերձ շրջանականերն անխնա տարածում էին այս գրառումը, իսկ ընդդիմադիրներն էլ փորձում տրամաբանությունը հասկանալ, Թորոսյանի մյուս թիմակիցները, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանն ու Հովիկ Աղազարյանը ոչ միայն Երևանի սրճարաններով էի շրջում, մի բան էլ դիմակ չէին կրում:
Չմոռանանք նաև այս ամոբղջ պայքարը կորդինացնողին, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին․ ով հասցնում էր, սրճարաններում նկարում- հրապարակում էր։ Նկատենք, իհարկե, երբեմն՝ նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ:
Չմոռանանք նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, որը արտակարգ դրության պայմաններում որդուն էր ամուսնացնում:
Իսկ այդ ընթացքում արդեն կազմվել է քաղաքացիներին դիմակ չկրելու համար 3000-ի մոտ արձանագրություն, իսկ հավաք կազմակերպելու համար էլ բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվել: Այլ կերպ ասած՝ պաշտոնյաների գործերն անքննելի են, էլիտար օրինախախտներն էլ՝ անձեռնմխելի:
Ի դեպ, վերը նշված լայվում, Փաշինյանը, ավանդույթի համաձայն, թշնամիներ էր որոնում և ասում, որ մարդիկ են հայտնվել և կորոնավիրուսի պայքարի հակափիար են անում, հորդորում էր չլսել այդ մարդկանց: Տեսնես՝ ո՞ւմ նկատի ուներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը