Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում որոշում կայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Գործադիրի նիստում Ավետիսյանն ասաց՝ եթե ինքն ընտրվի ՍԴ դատավոր, առավելագույնս կապահովի ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքական լինելը, անաչառությունը, կապահովի ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում ՍԴ-ի դերակատարությունը.
«Մենք գիտենք, որ ժողովրդավարությունը, ժողովրդավարական արժեքները կարծրացած կայուն արժեքներ չեն, հասարակության զարգացման հետ մեկտեղ ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ մոտեցումները ապրում են էվոլյուցիա և ենթադրում են, որ ՍԴ-ն, հիմքում ունենալով անհատի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պետք է գործի այդ տրամաբանությանը զուգահեռ և արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներդաշնակ գործունեության ապահովումը, նորմատիվ ակտերի սահմանադրականության որոշման ադյունավետ գործընթացը:
Քանի որ ես չէի տեղեկացել, որ պետք է ելույթ ունենամ, կփորձեմ հարցերի ձևով ներկայացնել իմ մոտեցումները կոնկրետ երևույթների նկատմամբ»:
Ստորև ներկայացնում ենք Վահրամ Ավետիսյանի աշխատանքային կենսագրությունը․
1999 - 2002 թթ. ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ:
2002 - 2006 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ:
2006 - 2013 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ:
2003 - 2008 թթ. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի իրավախորհրդատու:
2006 թ. նոյեմբերի 11-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2008 - 2008 թթ. «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավախորհրդատու:
2008 թ. «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» հայաստանյան մասնաճյուղի հակակոռուպցիոն ծրագրի փորձագետ:
2008 - 2009 թթ. ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ:
2009 թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ:
2010 - 2011 թթ. Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտր:
2010 - 2011 թթ. «ԱՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ:
2012 թ. դեկտեմբերի 17-18-ը որպես փորձագետ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպած «Ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչները պահպանումը (հիմնախնդիրները և հեռանկարները)» թեմայով միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:
2014 թ. Արդարադատության ակադեմիայի դասախոս:
2014 - 2015 թթ. եվրոպայի խորհրդի փորձագետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը