Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Տավուշի մարզում վնասվածք ստացած եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա։
Նա հավելեց, որ միջին եւ միջինից բարձր վիճակում գտնվող զինծառաողների առողջական վիճակում դրական դինամիկա կա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու հետ կապված հարցին, նա ասաց, որ հայկական որեւէ ԱԹՍ չի խոցվել:
Հարցին, թե Ադրբեջանը պատրաստվում է սիրիական ընդդիմության զինյալներ ուղարկել հայերի դեմ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր ԶՈւ-ն պատրաստ է սահմանների ապահովմանը` անկախ նրանից, թե նրանք թուրք զինյալներ են, մահմեդական ծայրահեղականներ, թե ադրբեջանական ԶՈւ զինծառայողներ են:
Նա նաև հայտնեց, որ ՀՀ Զինված ուժերը վաղուց կարող էին հարվածներ հասցնել Ադրբեջանի ենթակառուցվածքներին, սակայն երբեք չենք ունեցել եւ չունենք նման ցանկություն։
«Դա նոր քարոզչական թեզ է արտաքին աշխարհին ուղղված, դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: ՀՀ Զինված ուժերը տեխնիկապես վաղուց կարող էին դա իրականացնել, բայց մենք նման ծրագիր չենք ունեցել, չունենք եւ դա հայեցի չի ոչ մի տեսանկյունից: Նավթա եւ գազամուղները, որոնք միջազգային ընկերություններին են պատկանում եւ Ադրբեջանի տարածքով են անցնում, թող վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է եւ ոչ թե սպառող, ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան ուրիշ մեկը տարածաշրջանում»,- ասաց նա:
Նա նաեւ հավելեց, որ անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր` ոչ մեծ տրամաչափի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը