Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ անհանգստություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ասված է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ, որը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է տրամադրել կառույցի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ անհանգստություն են հայտնում այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների բախման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած իրավիճակի լարվածության կապակցությամբ, որի ընթացքում օգտագործվել է նաև ծանր սպառազինություն, ինչի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ»,-ասված է հայտարարության մեջ:
«Առկա իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններին, որոնցից մեկը` Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ պետություն և վկայում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտումների մասին»,-ընդգծել են ՀԱՊԿ-ում:
Ռազմաքաղաքական դաշինքում կողմերին կոչ են անում «անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»:
«Ցավակցություններ ենք հայտնում մահացածների հարազատներին ու մտերիմներին, վիրավորներին էլ շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-նշել են ՀԱՊԿ-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը