12 07 2020

Կարևոր փաստեր, որոնք ստվերվում են ստի ու կեղծիքի մեծ չափաբաժիններով. Տեր Մարկոս

Կարևոր փաստեր, որոնք ստվերվում են ստի ու կեղծիքի մեծ չափաբաժիններով. Տեր Մարկոս

Մարկոս քահանա Մանգասարյանը գրում է․

«Կարևոր փաստեր, որոնք ստվերվում են ստի ու կեղծիքի մեծ չափաբաժիններով

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին հանրակրթության պետական չափորոշչի նախագծի հանրային քննարկումների շրջանակներում, մեղմ ասած՝ մտահոգիչ է, բայց միևնույն ժամանակ՝ սպասելի։

Օրեր առաջ Հարցազրույց հաղորդման «հայտնի» լրագրող-հաղորդավարի հյուրն էր Մայր Աթոռի Դիվանապետը՝ Արշակ Եպս. Խաչատրյանը։ Ինչպես և սպասելի էր, հաղորդավարն աչքի ընկավ իրեն հատուկ, ոչ այնքան հաճելի հատկանիշներով։ Բայց սա մի կողմ, այդպես էլ պետք է լիներ։ Արշակ Սրբազանի ելույթը լի էր մտահոգությամբ, սակայն հավասարակշռված ու փաստարկված էր, զերծ՝ ավելորդ զգացմունքայնությունից և այլոց վիրավորելու կամ պիտակավորելու ոմանց համար վաղուց արդեն սովորական դարձած ոճից։

Սրբազանից հետո, նույն հաղորդման հյուրն էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հաղորդման սկզբում հաղորդավարը դիմում է նախարարին՝ ասելով թե Արշակ Սրբազանը խոսել է հիշյալ չափորոշչի մեջ «բարոյականություն» բառի բացակայության մասին, ապա ակնհայտ ծաղրանքով ասում, թե չէի՞ք կարող մի հինգ անգամ գրել։

Նախարարը, ինչպես և սպասելի էր, հետ չի մնում հաղորդավարի պահվածքից ու կոնկրետ հարցին պատասխանելու փոխարեն սկսում է խոսել բենթլիներով շրջող հոգևորականների ու կուսակրոնությամբ չապրող կուսակրոնների մասին։ Բնական է, երբ հարցի պատասխանը չունես կամ էլ ունես, բայց չես կարող տալ, կամ պիտի ստես կամ էլ պիտի լկտիաբար սադրես (այս դեպքում, ակնհայտ է՝ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ):
Նմանատիպ դրվագներ էլի՛ եղան, երբ նախարարը ծաղրելով նշեց, որ դպրոցում հատուկ ուշադրություն կդարձնեն ու լավ կսովորեցնեն տասնաբանյա պատվիրանները ու դրանցից հատկապես՝ մի՛ ստիրը (ակնարկը հասկանալի է): Այս և նման այլ սադրիչ դրսևորումների երկար կարելի է անդրադառնալ, չնայած որ հստակ է մի քանի փաստ՝

Ա. Մայր Աթոռի հետ Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի կամ հանրակրթության չափորոշչի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել (եթե քննարկելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելը քննարկում չհամարենք, ինչպես որ նախարարությունն է անում): Հակառակ կարծիքը սուտ է և կեղծիք։

Բ. Մայր Աթոռին տարբեր առիթներով, ամենաբարձր մակարդակի հանդիպումների ժամանակ ստել են, իսկ ավելի ճիշտ՝ խաբել ու կեղծավորաբար շեշտել, որ առարկան դպրոցական ծրագրից հանելու ոչ մի հարց չկա օրակարգում։

Գ. Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի նյութը չի կարող ընդգրկվել կամ տարրալուծվել Հայոց Պատմություն առարկայի դասընթացի մեջ և հետևաբար՝

Դ. Մեր երեխաները դպրոցում չեն անցնելու Հայոց Եկեղեցու պատմություն առարկան և սուտ ու էժանագին մանիպուլյացիա, խաբկանք է այն պնդումը, թե անհոգ եղե՛ք այդ առարկան դուրս չի հանվելու դպրոցից։

Շարունակելի …»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ