Աշխատանքային այցով Արմավիրի մարզում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետի և Արմավիրի քաղաքապետի ուղեկցությամբ ծանոթացել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: 983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում, բացի ճանապարհահատվածի հիմնանորոգումից, կառուցվելու է ամբողջովին նոր ջրահեռացման համակարգ , նորոգվելու են նաև մայթերը, փոխվելու են եզրաքարերը:
Պետբյուջեից հատկացված 518 մլն դրամ ֆինանսավորմամբ կհիմնանորոգվի նաև Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը։ Այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը Բագարան համայնքում հետևել է ճանապարհի վերանորոգման ընթացքին, որտեղ այս պահին իրականացվում են ջրահեռացման համակարգի անցկացման և հողային աշխատանքներ։ Շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում նախարարը քննարկել է աշխատանքների ժամանակացույցին վերաբերող հարցեր՝ հորդորելով աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։
Ճանապարհահատվածի բարեկարգման անհրաժեշտության մասին նախարարը բարձրաձայնել էր անցած տարի սահմանամերձ Երվանդաշատ և Բագարան համայնքներում անցկացված «Փառատոնը սահմանին» խորագիրը կրող միջոցառումից հետո։ Բարեկարգ ճանապարհը կնպաստի տարածաշրջանում ներգնա զբոսաշրջության զարգացմանը՝ զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելով հնագույն մայրաքաղաքների պատմությունն ու անկրկնելի բնապատկերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը