Aravot.am-ը գրում է․ «Aravot.am-ի տեղեկություններով, կորոնավիրուսով հիվանդանալու մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, ընդ որում՝ վարակվել են ոչ միայն այնտեղ խնամվող շահառուներ, այլ աշխատակիցներ։ Մեր տեղեկություններով, թեստավորել են 150 խնամվողների և 66 աշխատակցի, խնամվողներից 55-ի թեստի պատասխանը, ցավոք, եղել է դրական։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը հաստատեց մեր այս տեղեկությունը։ Նա ասաց, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաև մայրաքաղաքում և Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ Մարզպետարանի պաշտոնյան նաև ասաց, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում, հսկվելու են։
Վարչության պետը նաև ասաց, որ Վ․Աբաջյանի անվան թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնում են նրանք գրանցված։ Բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարվել է ցուցակը վերցնել ու հսկողություն իրականացնել, այնպես ինչպես տնային պայմաններում բուժվողների նկատմամբ են հսկողություն իրականացնում, նույն սկզբունքով պիտի մոտենան նաև ծերանոցի շահառուների նկատմամբ։ Ամենօրյա տեղեկատվություն պիտի վերցնեն, ջերմաչափում, կարիքի դեպքում՝ հիվանդի զննում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը