Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել այն մասին, որ իր հորը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա երկար ժամանակ է, ինչ քրեական գործի քննության ընթացքում կալանք է դրված: Դիմողը, մասնավորապես, նշել է, որ ավտոմեքենայի վրա կալանք դրվել է դեռ գործի նախաքննության ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
Հետագայում իր հայրը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, դատավճռով սահմանվել է, որ այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացվի նախաքննության մարմնի որոշմամբ մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա դրված կալանքը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել դեռ 2020 թվականի հունվարի 29-ին, սակայն ավտոմեքենան սեփականատիրոջն այդպես էլ չի վերադարձվել:
Դիմողը տեղեկացրել է, որ դիմել է տարբեր պետական մարմինների, սակայն դրական արդյունքի չի հասել. խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հարցի լուծման ուղղությամբ:
Բողոքի քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը անհաժեշտ աշխատանքներ է նախաձեռնել դատարանի աշխատակազմի և Ոստիկանության հետ:
Արդյունքում, քաղաքացուն է վերադարձվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 5 ամիս պահվող ավտոմեքենան, որի վերադարձի պահանջ նախատեսվել էր հենց այդ դատական ակտով
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը