«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանել է պատմաբան Համլետ Գևորգյանի հետ կապված պատմությունը, որը նախօրեին մահացել է կորոնավիրուսից:
Հիշեցնենք, որ պատմաբանի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ մեղադրելով ԲԿ-ին, որ ժամանակին բուժում չեն սկսել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ներկայացրած պարզաբանման մեջ ասվում է. «Համլետ Գեւորգյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել հունիսի 19-ի երեկոյան՝ նոր կորոնավիրուսային հիվանդություն ախտորոշումով: Կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր գործիքային հետազոտությունները, ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ մինչեւ 50% շնչական մակերեսի ներգրավմամբ:
Հաջորդ օրվանից սկսվել է թիրախային բուժումը: Դինամիկայում զարգացել է սրտի ռիթմի խանգարում, ինչը ծանրացրել է պացիենտի վիճակը և որոշում է կայացվել տեղափոխել ինտենսիվ խնամքի` Վերակենդանացման բաժանմունք:
Բաժանմունքում շարունակվել է դեղորայքային բուժումը և օքսիգենիացիայի ցուցանիշների վատացման հետևանքով իրականացվել է թոքերի ոչ ինվազիվ օդափոխանակություն, այնուհետև վիճակով պայմանավորված`անցում է կատարվել թոքերի ինվազիվ օդափոխանակության:
Նոր կորոնավիրուսային հիվանդության պրոգրեսիայի պատճառով վիճակը գնալով վատացել եւ հունիսի 24-ին հանգեցրել է Համլետ Գեւորգյանի մահվանը: Նա ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություններ, մասնավորապես` շաքարային դիաբետ եւ զարկերակային գերճնշում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը