19 06 2020

Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի տնօրենի և 10 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի տնօրենի և 10 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանի և ևս 10 բուժաշխատողի մոտ հաստատվել է COVID-19-ը․ նրանք մեկուսացված են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Տնօրենն իրեն լավ է զգում, նրա մոտ ախտանշաններ չեն եղել, այժմ ըստ ցուցումների՝ նա մեկուսացված է։ Ներկա պահին վարակված է 10 բժիշկ։ Մարտի 1-ից մինչև օրս հիվանդանոցում վարակվել է 90 աշխատակից՝ այդ թվում օրդինատորներ, բժիշկներ, տնտեսական հատվածի աշխատողներ, պահակներ»,- նշեց Դանիելյանը։

Հայաստանում հունիսի 19-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19 157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 91 943 թեստավորում:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 319 դեպք: Արձանագրվել է նաև մահվան ևս 110 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ