«Առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը»,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։
Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ կունենանք մինչև 30 տոկոս հաճախելիություն։ Սակայն վերաբացվելուց հետո առաջին օրերին հաճախելիությունը մոտ 10 տոկոս էր, որը այս շաբաթների ընթացքում գնալով նվազեց մինչև 6-7 տոկոսը։ Հավանական է, որ սույն առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի՝ վ/շ երեխաների համար։
Հուսով ենք, վարակի դեմ համընդհանուր պայքարի արդյունքում հնարավորինս շուտ կկարողանանք նախակրթությունը վերադարձնել բնականոն հունի մեջ։
Առաջիկա օրերին կտեղեկացնենք, թե որ վարչական շրջանում, որ մանկապարտեզները կգործեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը