10 06 2020

Չարաբաստիկ սարքը ստացել են․ ԼՂ-ում 5 հեռուստաալիքների հեռարձակումը կվերականգնվի

Չարաբաստիկ սարքը ստացել են․ ԼՂ-ում 5 հեռուստաալիքների հեռարձակումը կվերականգնվի

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

««Արցախկապ» ընկերությունն այսօր վերջապես ստացել է այդ «չարաբաստիկ» սարքը, որի պատճառով ժամանակավորապես ընդհատվել էր 5 հեռուստաալիքների հեռարձակումն Արցախում: Մասնագետների փոխանցմամբ՝ մինչև կեսգիշեր կկարգավորվեն բոլոր խնդիրները: Բայց այս մի քանի օրերի ընթացքում բարձրացված արհեստական աղմուկը, քաղաքական տարբեր տիպի շահարկումները, կարծում եմ կհամաձայնվեք, որ հարիր չէին մեզ: Ի վերջո, ո՞րն էր նպատակը՝ թիրախավորել Արցա՞խը, Արցախի նորընտիր իշխանությունների՞ն, թե՞ լուծել խնդիրը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է առաջնորդվել ԱՀ կառավարության 2020թ. փետրվարի 10-ի «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող թվային ձևաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը հաստատելու մասին» N 52-Ա որոշմամբ (ի դեպ՝ Արայիկ Հարությունյանն այդ ժամանակ որևէ պաշտոն չէր զբաղեցնում), որի համաձայն՝ Արցախի հարկատուների հաշվին կհեռարձակվեն միայն ցանկով հաստատված հեռուստաալիքները, որտեղ, ի դեպ, ներառված չեն «5-րդ ալիք»-ը և «Շողակաթ»-ը:

Բացի այդ, հետագա բոլոր տիպի շահարկումներից խուսափելու համար ԱՀ կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ մտցնել հեռուստաալիքների պետական պատվերի ձևավորման կարգում: Ընդ որում, փոփոխությունների կենթարկվեն ինչպես ալիքների ընտրության կարգը, այնպես էլ սոցիալական փաթեթների ձևավորման սկզբունքները:

Նոր կարգն ուժի մեջ մտնելուց հետո առաջարկվելու է հայկական բոլոր հանրապետական ու մարզային հեռուստաընկերություններին Արցախում հեռարձակման թույլտվություն ստանալու համար ներկայացնել հայտեր: Այնուհետև համապատասխան հանձնաժողովը կքննարկի դրանք ու կկատարի ընտրություն 2021թ պետական պատվերը ձևավորելու համար:

Կարծում եմ՝ որոշումներն արդարացի են, ու թեմայի շուրջ նոր զարգացումները մենք կհամարենք միայն սուբյեկտիվ ընկալումների արդյունք՝ նպատակաուղղված Արցախի դեմ քարոզչական ուղիղ արշավ իրականացնելուն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ