Zham.am-ը գրում է. Երբ սույն թվականի մարտի 1-ին արձանագրվեց կորոնավիրուսի առաջին վարակակիրը ( չար լեզուներն ասում են, որ այդ վարաքակիրներն եղել են ավելի վաղ, սակայն թաքցվել են իշխանության կողմից), երկրում ընթանում էր նախընտրական արշավ: Իշխանությունը պատրաստվում էր հանրաքվեի միջոցով վերացնել իր վերջին խոչընդոտը՝ ՍԴ-ն, երկրում ամբողջատիրական բռնատիրություն հաստատելու համար: Ընդդիմությունն մերժում էր ոչ միայն Փաշինյանի քաղաքական այդ մտադրությունն, այլև նշում, որ հանրաքվեի անցկացումն իր բնույթով հակաօրինական է:
Ցավոք հայ հանրությունը մեծապես գավառական բնույթի հանրություն է և չի հասկանում այս մեխանիզմների գործնեության իրական իմաստը, և դրա պատճառով էլ Փաշինյանն մինչ այսօր աշխատում է վարչապետի պաշտոնում:
Նույնիսկ Չիլիում գեներալ Պինոչետը ժամանակին ռիսկ չարեց վերացնել իրենց Գերագույն դատարանը` հույս ունենալով այդ կառույցի հետ գտնել ընդհանուր հայտարար: Ավելին` նույնիսկ Հիտլերի իշխանության գալուց հետո ուղիղ վեց տարի պահանջվեց, որպեսզի նացիստների առաջնորդը կարողանար լուծել այն ժամանակվա իրենց ՍԴ-ի խնդիրը: Այն էլ դրա համար երկրորդ համաշխարհային պատերազմի սկսումը օգնեց Հիտլերին լուծել այդ հարցը:
Այսօրվա Հայաստանում էլ ոչ 2-րդ, ոչ էլ 3-րդ նախագահները ռիսկ չարեցին կասկածի տակ դնել Տեր-Պետրոսյանի կողմից փաստացի նշանակած Գագիկ Հարությունյանի լեգիտիմությունը:
Այն ինչ կատարվում է Փաշինյանի կառավարման ընթացքում աննախադեպ է : Փաշինյանի ցանկությունն ազատվել Հրայր Թովմասյանից այնքան մեծ էր, որ նա նույնիսկ անտեսեց Հայաստանին սպառնացող կորոնավիրուսի տարածման վտանգը` հայտարարելով, թե «կորոնավիրուսը ում շունն է, որ վտանգի հայերի առողջությանը...որին կարելի է պինցետով հանել և արաղով դեզինֆեկցիա անցկացնել...»:
Նման գավառական կատակով հնարավոր էր հանդես գալ միայն թերզարգացած հանրությանը մոտ, քանզի ցանկացած քիչ թե շատ կիրթ հանրություն չէր ների իր ղեկավարին նման ցածրորակ ձևակերպումները: Օրինակ, Ռուսաստանի կամ Վրաստանի ղեկավարն իրեն թույլ չէր կարող տալ հանդես գալու համար նման պարզունակ և գեղջկական ձևակերպումներով, քանզի իրենց հանրությունները գեղցիներին չեն հանդուրժում այդ աստիճանի բարձր պաշտոնում: Այլ է հայ հանրության պարագայում: Ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ մեր հանրության մեծ կամ զգալի մասը հենց այդ գեղցիական հակումներով է ապրում: Հանրության այդ հատվածին դուր է գալիս նման «վառ և ռամիկ» կատակները, ձևակերպումներն ու մտքերը:
Սակայն, Փաշինյանի բնորոշմամբ, այդ «շունը» չափազանց «կծան» դարձավ մեզ համար: Այն էլ այնքան «կծան», որ մեզ մոտ վարաքակիրների քանակը այսօր ավելի քան 15 անգամ ավելի շատ է, քան հարևան Վրաստանում և մոտ երկու անգամ ավելի շատ է, քան հարևան Ադրբեջանում: Բացի այդ պարզվեց, որ հարևան Վրաստանի իշխանությունները մոտ երեք անգամ ավելի մեծ օգնության սոցիալական ծրագրերով հանդես եկան, քան պոպուլիստ համարվող Հայաստանի իշխանությունները:
Այսօր ԱՀԿ-ի տվյալներով Թբիլիսին համարվում է կորոնավարակի տարածման իմաստով աշխարհի ամենաանվտանգ քաղաքաներից մեկը, իսկ Երևանը կանգնած է իսկական հումանիտար աղետի առջև:
Եթե մինչ կորոնավիրուսային շրջանը Փաշինյանի մասին իրական պատկերացումներն ունեին հանրության գիտակից զանգվածի ճնշող մեծամասնությունը, ապա այսօր, երբ վիրուսը բացահայտեց, այսօրվա իշխանության սնանկությունը, Փաշինյանի վարկանիշի գահավիժումը տեսանելի է դարձել ողջ հանրության, նույնիսկ գեղցիների ճնշող մեծամասնության համար:
Բնականաբար, սույն փաստը նաև սպառնալիք է Փաշինյանի համար:
Եվ հենց այստեղ է, որ կորոնավիրուսը Փաշինյանի համար սկսում է խաղալ ոչ միայն բացասական, այլև դրական դեր:
Եթե երկրում մոլեգնում է կորոնավիրուսի վարակը, ապա դա դառնում է լեգիտիմ հիմք արտակարգ ռեժիմի երկարացման համար: Ընդ որում, Փաշինյանն այդ ռեժիմը կարող է երկարաձգել այնքան, ինչքան որ իրեն է ձեռնտու: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում այդ ռեժիմները աստիճանաբար թուլացվում և նույնիսկ վերացվում են, սակայն ոչ Հայաստանում, քանզի ցանկացած պահի Փաշինյանն կարող է հանդես գալ հանրության առջև հետևյալ ձևակերպամբ,- «Երկրում մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը: Այդ շունը շատ կծան է, թունավոր է մարդկանց համար, իսկ իմ հակառակորդները, անտեսելով այդ վտանգը, փորձում են ինձ հեռացնել պաշտոնից»: Ի դեպ Փաշինյանին նման մտքով հանդես գալու առաջարկը օրեր առաջ տվեց Փաշինյանի քաղաքական «հոգևոր հայրը»:
Փաստորեն ստացվում է, որ, եթե ընդամենը մի քանի ամիս առաջ կորոնավիրուսը խանգարում էր Փաշինյանին հանրաքվե անցկացնել, ապա այսօր նույն այդ կորոնավիրուսը դարձել է Փաշինյանի գլխավոր պահապանը, քանզի ցանկացած պահի Փաշինյանը կարող է կորոնավիրուսի վտանգով վախեցնել հանրությանը` հավերժ երկարացնելով երկրում արտակարգ դրությունը:
Այսպիսով պարզվեց, թե ում շունն էր իրականում կորոնավիրուսը, որին ոչ պինցետով, ոչ էլ արաղով պետք չէ հեռացնել մեր կյանքից, քանզի վտանգ կա, որ վիրուսի հետ զուգահեռ իր պաշտոնից կարող է հեռացվել նաև Փաշինյանն:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը