08 06 2020

Մեկ տարում Երևանում 400 աղբաման են այրել և վնասել

Մեկ տարում Երևանում 400 աղբաման են այրել և վնասել

Յուրաքանչյուր աղբամանը ձեռք բերելու համար, ի դեպ, համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երեւանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու յուրաքանչյուր դեպքով դիմելու է ոստիկանություն եւ հետեւողական է լինելու, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

«Ունենում ենք այսպիսի վատ պատահարներ, որի հետեւանքով մոտ 400 հատ աղբաման վնասված կամ այրված է, ափսոսանք եմ ապրում, որովհետեւ սա համայնքային սեփականություն է՝ բոլոր երեւանցիների գույքն է. խնդրում եւ հորդորում եմ՝ իրենց սեփականությանն ուշադիր լինեն եւ հետամուտ լինեն, որ նման բաներ չլինի»,- նշում է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Աղբամանները փոխարինելու գործընթացը Երեւանի քաղաքապետարանն սկսել է 2019թվականից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն ավելի քան 6200 նոր աղբաման է տեղադրված:

«Ոտնակներով աղբամաններն այս պահին դրված են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Արաբկիր վարչական շրջաններում: Կխնդրեմ, որ ոտնակից օգտվեն, ինչը հիմա չեն անում, աղբամանը դատարկ՝ բերում կողքն են դնում աղբը կամ դնում են վրան ու գնում են. բավական տգեղ տեսարան է: Նաեւ աղբամանների վրա փակցված է՝ խնդրում ենք աղբամանները փակ պահել»,- նշում է Արմեն Գրիգորյանը:

Աղբահանության գործընթացին զուգահեռ՝ համայնքային հիմնարկի աշխատակիցներն օրվա ընթացքում շրջում են վարչական շրջաններում ու ախտահանում աղբամանները:

«Ցանկացած վարչական շրջանում աղբամաններն ախտահանվում են եւ անվտանգ է, ոչ մի մանրէ չի մնում: Խնդրում եմ խցանները փակ պահել, որ այդ աղբը չտեսնենք եւ հոտն էլ չշնչենք»,- ընդգծում է համայնքային հիմնարկի տնօրենը:

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային կառույցը 24/7 ժամանակացույցով ու այս օրերին նաեւ «արտակարգ» ռեժիմով շարունակում է աշխատանքը, որպեսզի քաղաքն ավելի մաքուր լինի: Այս գործում, սակայն, առաջին հերթին կարեւոր է հատկապես բնակիչների հոգատար վերաբերմունքը մայրաքաղաքի ու քաղաքային գույքի նկատմամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ