03 06 2020

Մի շարք խախտումներ՝ հանրային տրանսպորտում

Մի շարք խախտումներ՝ հանրային տրանսպորտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցները համատեղ ուժեղացված մշտադիտարկումներ և ծառայություն են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Հիմնական խախտումները հետևյալն են՝  միկրոավտոբուսներում ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, իսկ որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը:

Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ: Տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են խախտումներ, երբ փոխադրումը կատարվել է դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցումով։

Արձանագրված նշված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվում են արձանագրություններ։

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների վերաբերյալ տեղում իրականացնում են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ՝ ՀՀ պարետի ցուցումներին հետևելու և  COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով։

Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի  գործունեության նկատմամաբ նման խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են ինչպես նշված վարչական շրջաններում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ