22 05 2020

«Նոր Հայաստանի» թանկարժեք տղան

«Նոր Հայաստանի» թանկարժեք տղան

Օրեր առաջ մենք ծավալուն նյութ էինք հրապարակել իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ բանակում չծառայելու մասին: Մասնավորապես, հիշեցնենք՝ պետական, ուսումնական հաստատություններին հասցեագրած հարցումների արդյունքում ստացած պատասխանների հիման վրա պարզել էինք, որ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ տերեկետումներով ավարտել է ուսումը և նույնպես տարեկետումներով երկու զորակոչից «պլստացել» է։  

Հաշվի առնելով, որ փաստերի համադրման արդյունքում կասկածներ են առաջանում կոռուպցիոն գործարքի վերաբերյալ, հրապարակումն ուղարկել էինք նաև ՀՀ գլխավոր դատախազությանը, որը պետք է որ ընդունվեր որպես հաղորդում հանցագործության մասին՝ հետաքննելու և իրավական ընթացք ստանալու հույսով։

Դատախազությունը պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով, որ 2019 թվականի երկու զորակոչերից Լևոն Քոչարյանին տարկետում է տրվել օրենքով սահմանված կարգով՝ առողջական վիճակով պայմանավորված, որը չեն կարող հրապարակել, քանի որ հանդիսանում է անձնական կյանքի գաղտնիք։

Մեղմ ասած, այլ պատասխան դժվար էր ակնկալել դատախազությունից: Հայտնի գաղտալսումների հրապարակելուց հետո անգամ դատախազությունը որևէ հանցակազմ չգտավ: Դատախազությունը, մեծ հաշվով, կրկնել էր այն, ինչ իրար հետևելով ասել էին Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ա․Քոչարյանի և ՊՆ պատասխանը կարող էր «ինքստինքյան» հասկացվել՝ հաշվի առնելով, որ եթե այդ ամենը եղել է ներքին պայմանավորվածության շրջանակում, դատախազության դեպքում այդպես չէ, իրենք պետք է հետամուտ լինեին՝ հասկանալու համար՝ այդ ո՞նց է ստացվում, որ մի շարք դեպքերում և հիմնականում, ուսման տարեկետումները ավարտվելուց հետո, անմիջապես զորակոչվում են, իսկ երբ ավարտողը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի որդին է, ստանում է բժշկական տարեկետում, այն էլ՝ 2 անգամ։ Նամակին պատասխանի արագությունից հասկանում ենք, որ ընթերցել են ընդամենը ինչոր թղթեր, որևէ մեկին չեն հարցաքքնել։ Մի խոսքով՝ չեն ստուգել պատշաճ կարգով։ Պատկերացրեք, եթե սրա նման մի պատմություն լիներ նախկին պաշտոնյաների դեպքում, ինչպիսի՞ գործ կհարուցվեր, որքա՞ն կտանեին-կբերեին, ցուցմունքներ կվերցնեին, մեղադրանքներ կառաջադրեին, դատարանում դոշները կծեծեին, որ անպայման կալանք ընտրվեր խափանման միջոցը։ Դե նախկին բարձրաստիճան պաշտոնյա է, ճնշում կգործադրի և այլն։ Իսկ այս դեպքում, դուրս է գալիս՝ ամեն բան կարգին է, բոլոր թղթերը կան։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանի որդու թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 20-ին և ԲՈԿ-ի հաստատմամբ ապա նա ազատվում էր զինվորական ծառայությունից: Իսկ ԲՈԿ-ը այն հաստատեց օրեր առաջ, Անդրանիկ Քոչարյանի որդին էլ ազատվեց պարտադիր ծառայությունից:

Լևոն Անդրանիկի Քոչարյանին տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.03 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին հրամանը ստորագրվել է մայիսի 15-ին՝ ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի՝ հրաժարական ներկայացնելուց ընդամենը մեկ օր հետո:

Մամուլում նաև լուրեր են շրջանառվում, որ Անդրանիկ Քոչարյանի որդու գիտական աշխատանքի շուրջ ԲՈԿ-ում թեժ քննարկումներ են տեղի ունեցել: Մամուլը գրում էր, որ Գոգյանի վրա, հնարավոր է, ճնշումներ են գործադրվել, որպեսզի վավերացվի Քոչարյանի որդու աշխատանքը, ինչի արդյունքում վերջինս կազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ կունենար գիտությունների թեկնածուի աստիճան, ինչը հիմք է հանդիսանում ԶՈւ չզորակոչվելու համար: Իսկ Սմբատ Գոգյանն էլ՝ որպես սկզբունքային անձ, չի կարողացել աչք փակել կատարվածի վրա և որոշել է հեռանալ կառույցի ղեկավարի պաշտոնից: Գոգյանը մամուլով արդեն անդրադարձել է՝ հերքելով այդ վարկածները։

Սակայն հիմնական խնդիրը մնում է չպարզաբանված՝ բարձրաստիճան պաշոնյայի որդուն երկու անգամ տարեկետում է տրվել՝ բժշկական հիմնավորմամբ։ Տարեկետումը տրվել է մի գերատեսչության կողմից, որը ստուգում ու հսկվում է տարեկետման դիմած զինակոչիկի հայրը։ Այ այս հարցերի պատախանը պետք է ստանար դատախազությունը և հանրությանը ներկայացներ, որ մարդիկ էլ իմանային՝ արդյո՞ք այդտեղ կորուպցիոն գործարք չկա, եթե կա, գործ հարուցվեր, եթե ոչ՝ հանրությանը ներկայացվեր հնարավոր մանրամասներով, քանի որ խոսքը գնում է բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Ի դեպ, նշենք նաև, որ շատ այլ դեպքերում պաշտպանության նախարարությունը, չի խուսափել բժշկական պատճառով տարեկետումների հիմքերը հրապարակայնացնելը, իսկ այս դեպքում, շատ կասկածելիորեն մերժում է հիմքերի մասին խոսելը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ