Մայիսի 18-ից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսեց աշխատանքը, սակայն հատուկ ռեժիմով: Պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար այսօրվանից գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազեցնել վարակի ռիսկը:
«Ամբողջությամբ իրավիճակը վերահսկվում է:Մեր ընկերության բոլոր ավտոբուսները դուրս են եկել երթուղիներ: Վերգետնյա քաղաքային տրանսպորտում անհրաժեշտ բոլոր միջոցառումները մեր կողմից իրականացվել են, տեղադրվել են ալկոգելի հատուկ սարքեր, ամբողջությամբ փակցված են անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերը, որպեսզի բնակչությունն իրազեկված լինի, թե մանրադրամի պահելու առումով, թե առանց ձեռնոցի և դիմակի մուտք չգործելու առումով, ինչպես նաև նստատեղից ավել ուղևորափոխադրում չիրականացնելու առումով»,- նշում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Սահմանված կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և /կամ ուղևորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:
Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտական կառույցը:
***
Երևանի մետրոպոլիտենը ևս իր աշխատանքները սկսել է սահմանված գրաֆիկի համաձայն:
«Առավոտյան ժամը 7-ին բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են եկել գիծ: Գնացքները ապահովված են նաև ալկոգելով: Կայարանային տարածքները ևս ախտահանվել են, ընդհանուր 10 կայարան՝ մինչև 15000 քմ տարածք»,- նշում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը:
Երևանցիներին ուղերձ է հղել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը. կարևոր է այս ժամանակահատվածում դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, խստորեն հետևել սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար: Միջոցառումների նպատակը հանրային առողջության ու անվտանգության պահպանումն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը