14 05 2020

Օտակար կնկատեինք, որ մինչ կոնվենցիան վավերացնելն աշխատանքներ տարվեին. Մայր Աթոռ. Aysor

Օտակար կնկատեինք, որ մինչ կոնվենցիան վավերացնելն աշխատանքներ տարվեին. Մայր Աթոռ. Aysor

Aysor.am-ը գրում է․ «Մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան։

Կոնվենցիայի վերաբերյալ հանրության և մասնագիտական շրջանակներում ձևավորված կարծիքները խիստ բազմազան են, անգամ իրարամերժ, ընդ որում, սուր բանավեճերով ուղեկցվող քննարկումները շարունակվում են նաև վավերացումից հետո։

Մասնավորապես, հակասական գնահատականներ են հնչել պատգամավորների, իրավագետների, մանկական հոգեբանների, այլ մասնագետների և պարզապես ծնողների կողմից։ Կոնվենցիայի իրավաչափության և հնարավոր հետևանքների առնչությամբ դիրքորոշման վերաբերյալ Aysor.am-ը հարցում ուղարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որին ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց հետևյալը.

«Ցանկացած քայլ՝ ուղղված մեր երեխաների և նրանց իրավունքների պաշտպանությանը, և այդ շրջագծից ներս «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունումը, ինչ խոսք, սկզբունքորեն կարևոր է։ Անշուշտ, նյութը զգայուն է, քանզի անմիջականորեն վերաբերում է մեր մատաղ սերնդին և այս պարագայում ցանկացած թերացում անթույլատրելի է։ Հենց այս հանգամանքով են պայմանավորված հիշյալ կոնվենցիայի շուրջ հասարակության մեջ տեղ գտած բանավեճերը, իրավագետների, հոգեբանների, սեքսոպատոլոգների ու մանկավարժների կողմից արտահայտվող մտահոգությունները և հնչող քննադատությունը։

Այս առումով Հայոց Եկեղեցին կարևորում է բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են մեր զավակների պատշաճ կրթության, խելամիտ դաստիարակության ապահովման և երաշխավորման հարցում։ Ասվածն ինչու չէ, վերաբերում է նաև սեռական դաստիարակությանը։

Խնդրի կապակցությամբ, հարկ է նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ։ Մեզ նաև դիմումներ են կատարվել հավատացյալների կողմից։ Անհրաժեշտ նկատելով Լանզարոտեի կոնվենցիայի շոշափած իրավակարգավորումների շրջագիծը և մատնանշված հարցերի արծարծումը՝ այդուհանդերձ, հաշվի առնելով նյութի ակնհայտ զգայական կողմը, օգտակար կնկատեինք, որ մինչ կոնվենցիայի վավերացնելը, աշխատանքներ տարվեին՝ կազմակերպելու հանրային լսումներ, անհրաժեշտ լուսաբանություններ տալու հանրությանը, նաև փարատելու տարբեր ոլորտների մասնագետների կողմից արտահայտված մտահոգությունները, որոնք հիմնականում, օրինակ, վերաբերում են երեխաների պարագային կոնվենցիայում «սեռական կողմնորոշում» հասկացության կիրառությանը, ինչպես նաև տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին կրթական ծրագրերի իրականացմանը։

Անորոշությունը և կոնվենցիայի իրացման համար անհրաժեշտ քայլերի մասին նվազագույն տեղեկատվության բացակայությունը բնավ չի նպաստում կրքերի հանդարտեցմանը, անհարկի բանավեճերի հանգուցալուծմանը։

Երեխաների պաշտպանության գործում պատասխանատվությունը ամենքինս է, ուստի հարկ չկա միմյանց վիրավորելու, քննադատելու և այպանելու։ Նմանօրինակ հարցերում մասնագետների կողմից դրսևորվող զգոնությունն ու նախանձախնդրությունը գնահատելի է։ Միասնաբար, բոլոր պատասխանատու և իրավասու անհատների ներուժի մեկտեղմամբ, հասարակական համապատասխան կառույցների, Եկեղեցու և պետության համատեղ ջանքերով պետք է այս դաշտում ևս ապահովենք լավագույնը երեխաների՝ մեր երկրի և ազգի ապագայի համար։

Հայոց Եկեղեցին հետամուտ է լինելու, որպեսզի երեխաների կրթական ծրագրերը համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային մտածողությանը, արժեհամակարգին և նպաստեն նրա հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդմանը, և այս առումով Մայր Աթոռը, ինչպես միշտ, պատրաստակամ է համագործակցել պատկան կառույցների հետ մեր զավակների կրթությունն ու դաստիարակությունը լավագույնս իրականացնելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ