Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է՝ գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։
«Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։
Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։
Վրացական կողմը՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո վերջնաժամկետ է տվել քաղաքացիներին, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։
Այսօր գիշեր ՀՀ քաղաքացիները լքել են չեզոք գոտին և արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։
Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։
Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը