14 05 2020

Զինծառայողների բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցման կարգը հեշտացվում է

Զինծառայողների բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցման կարգը հեշտացվում է

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել պայմանագրային զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին որոշման մեջ, որով հեշտացվում է գործընթացը:

Մասնավորապես, սահմանվել է, որ շահառուին բնակտարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով:

Այս որոշմամբ կրճատվում է փոխհատուցում ստանալու համար զինծառայողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվում են փոխհատուցման հաշվարկման փաստաթղթավորման ընթացակարգը և ժամկետները, փոխհատուցման վճարման շարունակման և դադարման պայմանները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այս զինծառայողներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում է եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում է վարչական ակտ (հրաման):

Նշված գործընթացն իրականացվում է զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետև ուղարկվում են հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում է հանձնաժողովի նիստի անցկացումը:

Այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է, պրակտիկան ցույց է տվել, որ շահառու դիմումից մինչև համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տևում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն:

Այս առումով, գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կնձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը և փաստաթղթաշրջանառության ծավալները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ